Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով այս տարի. Նաև կառուցվելու է երկրորդային ճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 24-ին, զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փուզված հատվածի շինարարական աշխատանքների վերսկսման վերաբերյալ քաղաքապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշում, որը կարգավորելու է փլուզված հատվածում հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները։
«Ըստ էության, հենց այս որոշման հետ կապված էր հետագա շինարարական ձգձգումները։ Վերջնականացրել ենք շինարարական և տեխնիկական լուծումները, ունենք էսքիզային և նախագծային լուծումներ։ Այս պահի դրությամբ գտնվում ենք նախագծի փորձաքննության փուլում։ Փորձաքննությունն ավարտելուց հետո անմիջաես կմեկնարկի շինարարական աշխատանքները։
Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով, ինչպես նաև կառուցվելու է երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է հարակից շենքերը»,- զեկուցվեց խորհրդակացության ժամանակ։
Հստակեցվեց նաև, որ այս ամենը կատարվելու է այս տարի։
«Կառուցապատողը պատրաստ է, փորձաքննությունից անմիջապես հետո աշխատանքները կմեկնարկենք»,- ասաց զեկուցողը։
Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է հնարավորինս արագ անցնել փորձաքննություն. «Բայց նաև այնպես անցնել, որ չստացվի նմանատիպ փլուզում ևս մեկ անգամ ունենանք։ Հուսով եմ՝ այս անգամ նախագիծն այնպես է կազմակերպված, որ այդ խնդիրը չի կրկնվի»։