Ֆիլիպիններում «Դոքսուրի» փոթորիկը 13 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպիններում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, 20 մարդ անհետ կորել է, հայտնում է GMA News-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր տարերքի հետեւանքով վեց զոհի մասին։ Փոթորկի հետևանքներից հիմնականում տուժել է Ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզին՝ Լուզոնը, որտեղ մոլեգնող աղետը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Իշխանությունները ստիպված են եղել հազարավոր մարդկանց տարհանել ափամերձ բնակավայրերից։
Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի տվյալներով՝ մոտ 330 հազար մարդ բախվել է Դոքսուրի փոթորկի հետևանքներին, մոտ 27 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները, այդ թվում՝ իշխանությունների կողմից կազմակերպված տարհանման հետևանքով։ Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն՝ երեկվանից Ֆիլիպիններում արեւադարձային ցիկլոնի ինտենսիվությունը աստիճանաբար նվազում է։