Ֆինանսների նախարարն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ և նշել, որ դեսպանն իր աշխատանքային գործունեությունը Հայաստանում սկսում է մի փուլում, երբ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են ակտիվ զարգացման փուլում: Նախարարը նաև վստահեցրել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:
Դեսպան Ալ Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ կաջակցի երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության վերաբերյալ նոր հեռանկարների լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ՝ մեկտեղել ջանքերը: