Կենտրոնի թաղապետն ու թաղայինները. ովքեր էին Աբովյան 22 ներխուժել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019 թվականին վարչապետի աթոռը նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարեց, որ այլեւս որեւէ մեկը չպետք է թիկնազորով շրջի, հակառակ դեպքում նրանց «կպառկեցնեն ասֆալտին»: Թերեւս Երեւանի Կենտրոնի թաղապետը նման վարքագիծ է դրսեւորում, եւ ոչ մի ցուցադրական ակցիա իրավապահների կողմից չի բեմադրվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Աբովյան 22 հասցեի բակ մտել (առաջին տպավորությամբ) թիկնապահների ուղեկցությամբ: Երբ մեր լրագրողը մոտեցավ թաղապետին՝ պարզելու, թե ինչու է բակ եկել, նա հայտնեց, թե եկել են աշխատանքները ստուգելու։
Այսինքն՝ թաղապետն իր աշխատակիցներով շրջում է բակերում՝ ստուգելու, թե ինչպես են այս կամ այն աշխատանքներն արվել: Իրականում Սամվել Ղուկասյանը, մեղմ ասած, ստեց, քանի որ իր հետ շրջողներից որեւէ մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից չէր: Ու հենց իրենք իրենց փողոցային վարքով մատնեցին իրենց ով լինելը: Նախ՝ ագրեսիա ցուցաբերեցին տեսախցիկ տեսնելիս, ապա միայն խաղաղվեցին, երբ իմացան՝ ուղիղ եթեր է: Բոլորը փախան կադրից՝ թաղապետին թողնելով միայնակ:
Հետեւաբար՝ ովքե՞ր էին թաղապետի հետ պտտվող, այսպես ասած, թիկնապահները. Երեւանի կենտրոնի աղմկարար բնակիչներ, որոնց անունները այս կամ այն քրեական գործի կամ սկանդալի շրջանակներում են պտտվել մամուլում:
Եւ այսպես, մուգ վերնազգեստով, ակնոցներով ուղեկից տղան Աշոտ-Արչի Սարդարյանն է: Նա հայտնի գործարար Արմեն Գինոսյանի՝ Մոնարխի Արմենի փեսան է:
Սպիտակ վերնազգեստով ուղեկից պարոնը Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկն է:
Մյուս ուղեկից պարոնը ալավերդյանցի Բոյով մականունով հայտնի մեկն է:
Մյուս երիտասարդները Աշոտ-Արչի Սարդարյանի թիկնապահներն էին, որոնք մշտապես շրջում են Մոնարխի Արմենի փեսայի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց «ասֆալտին փռելու» հրահանգ չի տալիս: Ինչու՞. որովհետեւ տարբեր թելերով կապված են փեսան ու աները հեղափոխական իշխանիկների հետ:
Թե կոնկրետ ինչ նպատակով են նրանք այս ընտրություններում աշխատում ՔՊ-ի համար, եւ որտեղ են իրենց միջոցներով շտաբներ բացել ՔՊ-ի համար, կներկայացնենք հաջորդիվ:
Հիմա միայն արձանագրենք, որ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի համար փողոցային վարքուբարքն է ընդունելի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում