Փաշինյանի համար լավ չի լինի. Ռուսաստանը չի ների Հայաստանին, որը բացել է պետական գաղտնիքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը մտադիր է փոխել ՌԴ-ում իր դեսպանին։ Այդ ամենը կարող էր մնալ ասեկոսեների մակարդակում, եթե դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի թեկնածուն հեռու մնար այդ թեմայից։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը խոստովանել է, որ իր փաստաթղթերը Մոսկվայում քննարկման փուլում են։ Հասկանալու համար, թե ով է այդ քաղաքական գործիչը, բավական է հիշել, որ նա բազմիցս է իրեն թույլ տվել ռուսաֆոբ հայտարարություններ։ Օրինակ Արսենյանն ասել է, որ ռուսական ներկայությունը Հայաստանում հավերժ չի լինելու։
Դրա պատճառով, ինչպես գրում է Взгляд թերթը, Ռուսաստանում կասկածում են, որ այդ պատգամավորը կկարողանա զբաղեցնել դեսպանի պաշտոնը։ Բացի այդ, չպետք է աչքից վրիպեր նաև այն փաստը, որ Երևանը, ագրեմանը Մոսկվա ուղարկելով խախտել է դիվանագիտական ընթացակարգը։ Նախ ներկայիս դեսպանին հետ են կանչում, և միայն դրանից հետո են պայմանավորվում նորի թեկնածության շուրջ։ «Ընդ որում այդ ամենը եղել է հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ոչ ֆորմալ դիվանագիտական էթիկետը ենթադրում է կողմերի լիակատար լռության ռեժիմ մինչև նոր դեսպանի վերաբերյալ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելը»,- գրել է Взгляд թերթի մեկնաբան Եվգենի Կրուտիկովը։
Ակնհայտ է, որ Գուրգեն Արսենյանի նույնիսկ հիպոթետիկ նշանակումը չի համապատասխանում, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ բուն Հայաստանի շահերին։ Աշխարհաքաղաքական բախումների պայմաններում երկու երկրները պետք է միասին մնան, ոչ թե իրարից բաժանվեն: Ավելին, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ Հանրապետությունում կան նաև բազմաթիվ օբյեկտներ, որոնք ազդում են հայերի առօրյայի վրա՝ Գազպրոմը, Հարավկովկասյան երկաթուղին, Հրազդանի ՋԷԿ-ը և այլն։ Առանց այդ ամենի կյանքը Հայաստանում կդադարի, և Փաշինյանի իշխանությունը չի կարող դա չհասկանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը