Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. Սոլովյով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Բաքու կատարած այցը և հայտարարել, որ չի պատրաստվում փոխել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե նա Բաքու այցի ընթացքում արդյոք ներողություն չի խնդրել նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար՝ Սոլովյովը գրել է. «Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Այցելել եմ բազմիցս: Եվ իմ դիրքորոշումը փոխել չեմ պատրաստվում: Այն քաջ հայտնի է: Խնդիրը ռազմական լուծում չունի»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Իլհամ Ալիևն ասել է, որ «ակտիվ աշխատանք է տարվում» ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Ալիևը նաև առիթը բաց չի թողել հաղորդավարին հակամարտության հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար: