Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք. Գառնիկ Դանիելյանը՝ իշխանությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊետք չէ պիտակավորել և իջեցնել «պլինտուսից» ներքև, որ ասում եք լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով իշխանությանը:
«Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, և՛ այն ամենն՝ ինչ այս ամբիոնից ասել եք: Վիրավորանքներով մեր երկիրը ոչ մի տեղ չի հասնելու: Այս օրերին իմ ընտանիքի նկատմամբ էլ բազմաթիվ վիրավորանքներ և սպառնալիքներ են եղել, բայց ես երբեք չեմ մտածել, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է: Մարդ չպետք է մտածի իր փչացածության աստիճանով: Ես ներողություն եմ խնդրում, որ Ազգային Ժողովը վերածվել է փոխադարձ վիրավորանքների՝ այս օրհասական վիճակի պահին»,- շեշտեց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանն ընդգծեց՝ պատրաստ է մինչև վերջ ասել, մտածել և գործել հանուն հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության շահերի:
«Այս մանդատն է՛լ, ու այս աթոռն է՛լ ինձ համար արժեք չունի՝ երկրից ավելի թանկ: Հարյուր անգամ մտածել եմ և իմ ընկերներին ասել եմ՝ այս մանդատն ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այստեղ»,- ասաց նա:
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ եթե շարժում է եղել, ապա նա առաջինն այդ շարժման մեջ է եղել ու պայքարել, որովհետև տեսել է անարդարություն:
«Անձնական վիրավորանքներից եք խոսում՝ ձեզ «հավերժ մարմնավաճառ» էին ասում այն մարդիկ, որ այդ ժամանակ ԲՀԿ-ում ծվարած էին, իսկ հիմա ուրիշ տեղ են ծվարած: Իջևանցի տղա եմ ու բոլոր ժամանակներում պատրաստ եմ խոսել: Ես իմ անձնականը հայրենիքից վեր չեմ դասում»,- եզրափակեց պատգամավորը: