Պատմամշակութային արժեքները վերադարձվել են Լոռու մարզ
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Լոռու մարզից պատմաճարտարապետական ութ նմուշ տեղափոխվել էր մայրաքաղաք: Ժամանակավոր տեղափոխված մշակութային արժեքներն օրերս վերադարձվել են Լոռու մարզ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն աջակցել է այդ արժեքները հետ վերադարձնելու աշխատանքներին։ Բոլոր ութ մշակութային արժեքներն էլ այժմ գտնվում են իրենց հիմնական տեղերում. Ձիակերպ տապանաքար (16-17-րդ դդ., գ. Լոռի Բերդ), Խաչքար (11-13-րդ դդ., գ. Վարդաբլուր), Խաչքարի բեկոր (13-րդ դ., գ. Դեբեդ), Եկեղեցու մանրակերտ (13-րդ դ., գ. Դսեղ), Բարձրաքանդակ Հիսուսի պատկերով (13-րդ դ., գ. Դսեղ), Խաչքարի բեկոր (14-15-րդ դդ., գ. Դսեղ), Խաչքար (13-րդ դ., գ. Ծաղկաշատ), Խաչքար (11-րդ դ., գ. Ծաղկաշատ):
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նույն որոշամ համաձայն, Հայաստանի տարբեր մարզերից 63 անշարժ հուշարձաններ էին տեղափոխվեն Երևան ու ներկայացվել «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում`, որոնք այնտեղ պետք է մնային մինչև 2016 թվականը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Աղբյուր` Panorama.am