Այս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը մեկ օրվա մեջ արդեն երրորդ անգամ է հաղորդագրություն տարածում, թե հայկական կողմից կրակոցներ են հնչել իր ուղղությամբ։ Երեք հաղորդագրություններն էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվել են։
Սկսված հիբրիդային պատերազմը հնարավո՞ր է վերածվի ռազմական էսկալացիայի․ հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։
Վերջինիս դիտարկմամբ՝ ռազմական էսկալացիայի մասին ցանկացած հաղորդագրություն այս պահին պետք է դիտարկել որպես շանտաժ։
«Իրականում ռազմական էսկալացիայի շանտաժով Ադրբեջանը փորձում է հերթական անգամ Հայաստանին պահանջներ ներկայացնել և այդ պահանջների բավարարում ստանալ՝ առանց ռազմական էսկալացիայի։ Իրականում ոչ թե սադրանքների գնալն է Ադրբեջանի նպատակը, այլ շանտաժով, առանց ռազմական գործողությունների իր ցանկացածը ստանալը»,- նշեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, որ մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր Տավուշում խոսում ռազմական գործողություններից, եթե սահմանազատման գործընթացը չսկսվի, նա է՞լ էր շանտաժ անում, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց՝ իրականում առաջին պլան է բերվել այն հարցը, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի։
«Սա հայտարարություն տարածողի, այս դեպքում՝ երկրի ղեկավարի չեզոքությունն է ապահովում, որ հետո չասեն՝ «դու ասում էիր՝ «չի լինի ռազմական գործողություն», բայց եղավ»։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Փաշինյանի այդ հայտարարությունը, թե Ադրբեջանը գնում է ռազմական էսկալացիայի ճանապարհով»,- նշեց նա։
Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, Ադրբեջանը շանտաժ է անում, բայց իրականում այս փուլում չի գնա ռազմական էսկալացիայի։
Նարե Գնունի