ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը մեկ օրվա մեջ արդեն երրորդ անգամ է հաղորդագրություն տարածում, թե հայկական կողմից կրակոցներ են հնչել իր ուղղությամբ։ Երեք հաղորդագրություններն էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվել են։

Սկսված հիբրիդային պատերազմը հնարավո՞ր է վերածվի ռազմական էսկալացիայի․ հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Վերջինիս դիտարկմամբ՝ ռազմական էսկալացիայի մասին ցանկացած հաղորդագրություն այս պահին պետք է դիտարկել որպես շանտաժ։

«Իրականում ռազմական էսկալացիայի շանտաժով Ադրբեջանը փորձում է հերթական անգամ Հայաստանին պահանջներ ներկայացնել և այդ պահանջների բավարարում ստանալ՝ առանց ռազմական էսկալացիայի։ Իրականում ոչ թե սադրանքների գնալն է Ադրբեջանի նպատակը, այլ շանտաժով, առանց ռազմական գործողությունների իր ցանկացածը ստանալը»,- նշեց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, որ մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր Տավուշում խոսում ռազմական գործողություններից, եթե սահմանազատման գործընթացը չսկսվի, նա է՞լ էր շանտաժ անում, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց՝ իրականում առաջին պլան է բերվել այն հարցը, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի։

«Սա հայտարարություն տարածողի, այս դեպքում՝ երկրի ղեկավարի չեզոքությունն է ապահովում, որ հետո չասեն՝ «դու ասում էիր՝ «չի լինի ռազմական գործողություն», բայց եղավ»։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Փաշինյանի այդ հայտարարությունը, թե Ադրբեջանը գնում է ռազմական էսկալացիայի ճանապարհով»,- նշեց նա։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, Ադրբեջանը շանտաժ է անում, բայց իրականում այս փուլում չի գնա ռազմական էսկալացիայի։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular