Զանգեզուրյան միջանցքը խցկում են անդրկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ «2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների ապաշրջափակումը»։ Նրա խոսքով, «Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել հիմնվելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա»։
Բայց այս իրավիճակում ամենատարօրինակն այն է, որ լրատվամիջոցների բազմաթիվ մեկնաբանություններում, և հատկապես իրանցի քաղաքական գործիչների հայտարարություններում, այդ թեման չգիտես ինչու ասոցացվում է այսպես կոչված Զենգեզուրի միջանցքի խնդրի հետ, որը կարող է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրում, որին վկայակոչում է Օվերչուկը, այդ միջանցքի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ի՞նչ է պատահել։ Այդ մասին մտքեր է արտահայտել iarex.ru-ի լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
«Իրոք, ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Փաստն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններում Զանգեզուրի միջանցքը հանվել է խաղաղության համաձայնագրից, և այդ հարցի լուծումը թողնվել է ապագային։ Հետևաբար, այդ երթուղու ապագայի վերաբերյալ բոլոր քննարկումները պետք է ստանան սպեկուլյատիվ, ճանաչողական և վերլուծական բնույթ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այդ հարցը կդիտարկվի հետագա փուլում, ինչը վկայում է տարածաշրջանային դիվանագիտության հետ կապված դժվարությունների մասին»,- նշել է Տարասովը։
Դա Բաքվի քայլն է թե՛ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումն արագացնելու, թե՛ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար, որն այդ նախագիծը դիտարկում էր որպես սպառնալիք իր տարածաշրջանային շահերին ավելի լայն աշխարհաքաղաքական խաղադրույքների համատեքստում, շարունակել է քաղաքագետը։
«Եվ հանկարծ այդ թեման դուրս ցատկեց, ինչպես ջինը շշից, և կրկին հայտնվեց տարածաշրջանային քաղաքականության էպիկենտրոնում: Անգամ համապատասխան հայտարարություն եղավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից առ այն, թե ով է խանգարում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Ուստի, թվում է, թե Լավրովն իր հայտարարության համար ինչ-որ հատուկ տեղեկատվություն է օգտագործել, ինչը բացասական արձագանք է առաջացրել Իրանում»,- նշել է Տարասովը։
Արձագանքը չի հանդարտվել նույնիսկ Սանկտ Պետերբուրգում Իրանի ԱԱԽ քարտուղարի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումներից ու բանակցություններից հետո։ Ըստ իրանական Mehr գործակալության, Շոյգուն Ահմադիանին ասել է, որ Ռուսաստանը «հավատարիմ է մնում Թեհրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին Զանգեզուրի միջանցքի հարցում», սակայն չի հստակեցվել, թե դրանք ի՞նչ պայմանավորվածություններ են, ասել է քաղաքագետը, դրանից հետո եղել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, որում ասվում է, որ «Իրանը հաստատապես է կանգնած Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշման վրա և մտադիր չէ զիջել»:
«Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերից մեկը գիտակցաբար կամ անգիտակցաբար թույլ է տվել անհայտ կոնտեքստից դուրս բերված տեղեկատվության արտահոսք։ Բայց իրավիճակի փաստական մասը դեռ թույլ չի տալիս ավելի հիմնավոր վերլուծություններ անել։ Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքը մնում է վիճելի հարց, և դրա լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և զարգացման ավելի լայն նպատակների համար, և դրա հետ կապված աշխարհաքաղաքական դժվարությունները պահանջում են շատ զգույշ բանակցություններ»,- ամփոփել է Տարասովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը