ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրյան միջանցքը խցկում են անդրկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ «2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների ապաշրջափակումը»։ Նրա խոսքով, «Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել  հիմնվելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա»։

Բայց այս իրավիճակում ամենատարօրինակն այն է, որ լրատվամիջոցների բազմաթիվ մեկնաբանություններում, և հատկապես իրանցի քաղաքական գործիչների հայտարարություններում, այդ թեման չգիտես ինչու ասոցացվում է այսպես կոչված Զենգեզուրի միջանցքի խնդրի հետ, որը կարող է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրում, որին վկայակոչում է Օվերչուկը, այդ միջանցքի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ի՞նչ է պատահել։ Այդ մասին մտքեր է արտահայտել iarex.ru-ի լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Իրոք, ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Փաստն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններում Զանգեզուրի միջանցքը հանվել է խաղաղության համաձայնագրից, և այդ հարցի լուծումը թողնվել է ապագային։ Հետևաբար, այդ երթուղու ապագայի վերաբերյալ բոլոր քննարկումները պետք է ստանան սպեկուլյատիվ, ճանաչողական և վերլուծական բնույթ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այդ հարցը կդիտարկվի հետագա փուլում, ինչը վկայում է տարածաշրջանային դիվանագիտության հետ կապված դժվարությունների մասին»,- նշել է Տարասովը։

Դա Բաքվի քայլն է թե՛ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումն արագացնելու, թե՛ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար, որն այդ նախագիծը դիտարկում էր որպես սպառնալիք իր տարածաշրջանային շահերին ավելի լայն աշխարհաքաղաքական խաղադրույքների համատեքստում, շարունակել է քաղաքագետը։

«Եվ հանկարծ այդ թեման դուրս ցատկեց, ինչպես ջինը շշից, և կրկին հայտնվեց տարածաշրջանային քաղաքականության էպիկենտրոնում: Անգամ համապատասխան հայտարարություն եղավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից առ այն, թե ով է խանգարում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Ուստի, թվում է, թե Լավրովն իր հայտարարության համար ինչ-որ հատուկ տեղեկատվություն է օգտագործել, ինչը բացասական արձագանք է առաջացրել Իրանում»,- նշել է Տարասովը։

Արձագանքը չի հանդարտվել նույնիսկ Սանկտ Պետերբուրգում Իրանի ԱԱԽ քարտուղարի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումներից ու բանակցություններից հետո։ Ըստ իրանական Mehr գործակալության, Շոյգուն Ահմադիանին ասել է, որ Ռուսաստանը «հավատարիմ է մնում Թեհրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին Զանգեզուրի միջանցքի հարցում», սակայն չի  հստակեցվել, թե դրանք ի՞նչ պայմանավորվածություններ են, ասել է քաղաքագետը, դրանից հետո եղել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, որում ասվում է, որ «Իրանը հաստատապես է կանգնած Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշման վրա և մտադիր չէ զիջել»:

«Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերից մեկը գիտակցաբար կամ անգիտակցաբար թույլ է տվել անհայտ կոնտեքստից դուրս բերված տեղեկատվության արտահոսք։ Բայց իրավիճակի փաստական ​​մասը դեռ թույլ չի տալիս ավելի հիմնավոր վերլուծություններ անել։ Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքը մնում է վիճելի հարց, և դրա լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և զարգացման ավելի լայն նպատակների համար, և դրա հետ կապված աշխարհաքաղաքական դժվարությունները պահանջում են շատ զգույշ բանակցություններ»,- ամփոփել է Տարասովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular