Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է հետ կանչել բոլոր ռուսամետ օրենքները, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ Վրաստանի նախագահն այս մասին ասել է Բեռլինում ելույթի ժամանակ:
«Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այլևս չեն ձգտում դեպի Եվրոպա և սահմանափակում են խոսքի և ընդդիմության ազատությունը.
«Նա (Իվանիշվիլին) վնաս է պատճառել երկրին, թուլացրել և մեկուսացրել է: ԵՄ թեկնածու լինելու բերկրանքը փչացել է՝ անպետք օրենքի առաջ մղմամբ», - ասել է Վրաստանի նախագահը:
Զուրաբիշվիլին քննադատել է վերջերս ընդունված «օտարերկրյա գործակալների» և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի մասին օրենքները:
«Վրաց հավատարիմ և հյուրընկալ ժողովրդին չպետք է շփոթել իշխանության հետ։ Մեզ մոտ զբոսաշրջիկները միշտ ողջունելի են, նրանք ապահով են»,- դիմել է նախագահը ԼԳԲՏ համայնքը ներկայացնող անձանց։
Նա հավելել է, որ «ամեն ինչ կորած չէ»:
«Ես խնդրում եմ երիտասարդներին, ինչպես նաև երկրի հեռավոր շրջանների բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք Վրաստանը դիրքավորել որպես եվրոպական երկիր և կանխել երիտասարդների հետագա միգրացիան», - ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին կոչ է արել ստեղծել փորձագիտական կառավարություն 1 տարի ժամկետով՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար։
«Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, ես կչեղարկեմ բոլոր հակաեվրոպական օրենքները և կբանակցեմ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ»,- խոստացել է նա։