Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին․ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնականին. քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ինչպես հաղորդել են ադրեջանական լրատվամիջոցները, Մայքլ Քարփենթերը Ալիևին է նվիրել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նամակը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Նշել է, որ ներկա պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություններ կան։
Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար, Քարփենթերը հայտնել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունն այս գործընթացն առաջ մղելու համար։
Իլհամ Ալիևը կրկնել է ամիսներ շարունակ կրկնվող խոսքերը, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ»։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։