Ավիահարվածների հետևանքով Ռաքքայում տասնյակ մարդիկ են մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Սիրիայի Ռաքքա քաղաքում («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք) տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում առնվազն մի քանի տասնյակ սպանվածներ և վիրավորներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Reuters-ը, այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու‚ իրավունքների դիտորդական խումբը:
Հաղորդվում է, որ մահացածների թվում կան կանայք և երեխաներ, իսկ վիրավորների թիվը մոտավոր հաշվարկներով կարող է հասնել 60-ի: Խումբը չի մասնավորեցրել, թե արդյոք ավիահարվածները հասցվել են ռուսական օդուժի կողմից, թե ոչ:
Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել երեք շաբաթ առաջ' որոշակիորեն նվազեցնելով երկրում բռնությունների մակարդակը: Հրադադարը չի առնչվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմավորումներին: