Սպանություն Վանաձորում. պատճառն անհեթեթ ու անիմաստ էր. կասկածյալը փախած է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՎԻԴԵՈ«Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 3-ին հիվանդանոց է բերվել տղամարդու դիակ՝ կրծքավանդակին ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թեւի քերծվածքներով:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները հիվանդանոցում պարզել են, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից քլորատան մոտից ԲԿ է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը՝ «Լեքսուս» մակնիշի մեքենայով:
Իրավապահները պարզել են, որ վեճը ծագել է Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփանակատեր, անհատ ձեռնարկատեր Արմեն Ոփյանը եւ իր շրջապատում «Կաֆոյի Ռոբո» անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջեւ:
Ծաղկի սրահում 5 հազար դրամանոցը երրորդ անձի միջոցով մանրելուց հետո կողմերից մեկը պնդել է, որ վերադարձվել է 4 հատ հազարանոց թղթադրամ, մյուսը պնդել է, որ նման բան հնարավոր չէ: Ֆինանսական խնդիրը դառնում է ինքնասիրության հարց, զիջելը դառնում՝ պատվազրկություն: Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվում են Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում, որտեղ Արմեն Ոփյանը հրազենային մարմնական վնասվածք է պատճառում մի ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մնացականյանին ու նա տեղում մահանում է:
Արմեն Ոփյանը դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: