Թուրքիայում առաջին գրախանութները հայերն են բացել. թուրքական կայքի անդրադարձը
ՄՇԱԿՈՒՅԹԹուրք սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «Բիրգյուն» պարբերականի իր սյունակում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլույանին՝ փաստելով, որ Թուրքիայում առաջին գրախանութները հենց հայերն են հիմնել:
«Երբ ասում ենք «հնավաճառություն»՝ առաջինը մտքներիս է գալիս Բաբըալիի առաջին գրավաճառ պարոն Առաքել Թոզլույանը, որն Էմին Նեդրեթ Իլչիի վկայությամբ տեղի առաջին գրավաճառն է», - գրում է թուրք սյունակագիրը՝ շեշտելով, որ առաջին գրախանութը Թոզլույանը հիմնել է դեռևս 1875թ.-ին:
Նա ընդգծում է, որ հայ գրավաճառներն առաջինն էին, որ գրավաճառությունն Օսմանյան կայսրությունում զարգացրին որպես առևտրի առանձին ճյուղ և առանձնացրին այն հնավաճառությունից:
«Մեր երկրում առաջին նման գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել. ծխախոտի խանութներում, սրճարաններում հանդիպող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ է, որ մեր առաջ հայտնվեցին որպես առանձին ապրանք», - նշում է Ռեֆիք Դուրբաշը:
Պարոն Առաքելի մասին քիչ տեղեկություններ են հասել մեզ. հայտնի է, որ նա ծնունդով Կեսարիայից է եղել: Իր գրախանութը մահից առաջ թողել է Անդոն Նահիկյանին և ունեցած պարտքերի պատճառով մահացել է չքավորության մեջ: 1914 թվականին Բաբըալի պողոտայի վրա գործող գրախանութը փակվել է, վերջին երկու տարում այն ղեկավարել է Առաքելի որդին՝ Լևոնը: