«Ապրել խաղաղ» խմբի փոքրիկները գրավում են ԱՊՀ երկրների հանդիսատեսին. տեսանյութ
ՎԻԴԵՈ«Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի հեռարձակվում է նոր երաժշտական ծրագիր՝ «Ձայնի ողջ ուժգնությամբ», որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև հայ փոքրիկները: Մի քանի նախագծերից և տեսահոլովակներից հայտնի «Ապրել խաղաղ» խումբը ձևավորեց համանուն տրիո և ներկայացավ մրցույթին:
Խմբի ղեկավար Լիլի Գրիգորյանը Past.am-ին պատմեց. «Առաջարկը ստացանք Արմանդո Ղուկասյանից: Նա մրցույթների է ուղարկում տարբեր կատարողների: Առաջարկը ստացանք օգոստոսին, պատրաստվելու ժամանակը քիչ էր, բայց մեր առջև դրված խնդիրն իրականացրեցինք: Մեր տեսահոլովակներն ու մյուս աշխատանքներն ուղարկեցինք Ռուսաստան և արժանացանք կազմակերպիչների հավանությանը: Կազմվեց «Ապրել խաղաղ» տրիոն, որի կազմում են Էլինա Չոլախյանը, Կարեն Օհանյանը, Աբրահամ Թորոսյանը, մենակատարները՝ Կարապետ Կարապետյան, Սաթենիկ Տոնոյան, խմբի գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Բադալյան: Դե իսկ խումբը ղեկավարում եմ ես»:
Նշենք, որ մրցույթը, որի գլխավոր պրոդյուսերն է Լինա Արիֆուլինան, երաժշտական պրոդյուսերը՝ Զոյա Բաբկինան, անցկացվում է առաջին անգամ: Այն լինելու է ամենամյա: Այս տարի «Ձայնի ողջ ուժգնությամբ» մրցույթին մասնակցում է ութ երկիր: Հայ երեխաների խմբի մարզիչն է Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, որի հետ, ըստ Լիլի Գրիգորյանի, աշխատելն ուղղակի հաճույք է: «Նա շատ արհեստավարժ է, համեստ, ամեն վայրկյան մեր կողքին է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հեռուստանախագծի բացման օրը «Ապրել խաղաղ» խմբի երեխաներն ու Մարգարիտա Պոզոյանը կատարեցին երգչուհու "Сестра по духу" երգը, իսկ մրցույթային առաջին օրը խումբը երգեց «Հայրենիք» երգը:
«Դահլիճը շատ էր ոգևորվել, ներկաներից ոմանք նույնիսկ հուզվել էին մեր փոքրիկների առաջին կատարումից»,-եզրափակեց Լիլի Գրիգորյանը: Նախագիծը եթերում կլինի մինչև դեկտեմբերի 31-ը:
Լևոն Փանոսյան