Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ էր. մշակույթի գործիչներն իրենց ցավակցություններն են հայտնում
ՄՇԱԿՈՒՅԹԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ էր հայ մշակույթի համար: Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերներն իրենց ցավակցություններն են հայտնել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի մահվան առնչությամբ:
«Նա մեծ նպատակներ էր դրել, բարեփոխումներ էր սկսել: Մի մասը հասցրեց իրականացնել: Ինձ համար շատ կարևոր էր նրա հետ սերտ համագործակցությունը: Երբ նա տարիներ առաջ օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, ինձ հրավիրեց թատրոն` աշխատելու իբրև դիրիժոր: Շատ մեծ կորուստ էր մեզ համար, ամբողջ երաժշտական աշխարհը տխուր է»,- նշեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
Դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գեղամ Գրիգորյանը համաշխարհային հռչակ վայելող տենոր էր:
«Երբ Գեղամ Գրիգորյանը դեռ ուսումնարանի ուսանող էր, հրավիրում էինք օպերային թատրոն` համերգներում և որոշ ներկայացումներում ելույթ ունենալու: Դեռ կոնսերվատորիան չավարտած` արդեն աշխատում էր թատրոնում: Այն ժամանակվա բոլոր ներկայացումներում մասնակցում էր»,-վերհիշեց Յուրի Դավթյանը: Դիրիժորի խոսքով` Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ է:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Սեյրանյանի խոսքով` Գեղամ Գրիգորյանը բացի տաղանդավոր երգիչ լինելուց, նաև հրաշալի մասնագետ էր:
«Երբ նա առաջին անգամ դարձավ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ես արդեն աշխատում էի թատրոնում, գլխավոր դերեր էի երգում: Հետո նա ինձ էլի գլխավոր դերեր վստահեց: Նրա հետ շատ եմ շփվել: Հիշում եմ, որ միշտ բարի է եղել բոլորի նկատմամբ, ինչ հարցով դիմեին` անպայման օգնում էր: Ժամերով աշխատում էր երգիչներին` անկախ իր զբաղվածությունից»,- նշեց Արմենուհի Սեյրանյանը:
Մեներգչուհու խոսքով` Գեղամ Գրիգորյանը երբևէ չի մեծամտացել, ցույց չի տվել, թե ինքը բոլորից բարձր է:
«Ես շատ երջանիկ եմ ինձ համարում, որ բախտ եմ ունեցել իր հետ երգել»,- շեշտեց նա:
Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: