ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ էր. մշակույթի գործիչներն իրենց ցավակցություններն են հայտնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ էր հայ մշակույթի համար: Գեղամ Գրիգորյանի ընկերներն ու գործընկերներն իրենց ցավակցություններն են հայտնել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի մահվան առնչությամբ:
«Նա մեծ նպատակներ էր դրել, բարեփոխումներ էր սկսել: Մի մասը հասցրեց իրականացնել: Ինձ համար շատ կարևոր էր նրա հետ սերտ համագործակցությունը: Երբ նա տարիներ առաջ օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, ինձ հրավիրեց թատրոն` աշխատելու իբրև դիրիժոր: Շատ մեծ կորուստ էր մեզ համար, ամբողջ երաժշտական աշխարհը տխուր է»,- նշեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
Դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գեղամ Գրիգորյանը համաշխարհային հռչակ վայելող տենոր էր:
«Երբ Գեղամ Գրիգորյանը դեռ ուսումնարանի ուսանող էր, հրավիրում էինք օպերային թատրոն` համերգներում և որոշ ներկայացումներում ելույթ ունենալու: Դեռ կոնսերվատորիան չավարտած` արդեն աշխատում էր թատրոնում: Այն ժամանակվա բոլոր ներկայացումներում մասնակցում էր»,-վերհիշեց Յուրի Դավթյանը: Դիրիժորի խոսքով` Գեղամ Գրիգորյանի մահը մեծ կորուստ է:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Սեյրանյանի խոսքով` Գեղամ Գրիգորյանը բացի տաղանդավոր երգիչ լինելուց, նաև հրաշալի մասնագետ էր:
«Երբ նա առաջին անգամ դարձավ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ես արդեն աշխատում էի թատրոնում, գլխավոր դերեր էի երգում: Հետո նա ինձ էլի գլխավոր դերեր վստահեց: Նրա հետ շատ եմ շփվել: Հիշում եմ, որ միշտ բարի է եղել բոլորի նկատմամբ, ինչ հարցով դիմեին` անպայման օգնում էր: Ժամերով աշխատում էր երգիչներին` անկախ իր զբաղվածությունից»,- նշեց Արմենուհի Սեյրանյանը:
Մեներգչուհու խոսքով` Գեղամ Գրիգորյանը երբևէ չի մեծամտացել, ցույց չի տվել, թե ինքը բոլորից բարձր է:
«Ես շատ երջանիկ եմ ինձ համարում, որ բախտ եմ ունեցել իր հետ երգել»,- շեշտեց նա:
Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular