Սաուդյան Արաբիայում եգիպտացի ներգաղթյալին ձերբակալել են կին գործընկերոջ հետ նախաճաշելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են եգիպտացի ներգաղթյալին «անպատշաճ պահվածքի» համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տղամարդը տեսանյութ է հրապարակել համացանցում, որում նա նախաճաշում է իր գործընկերուհու հետ: Երկրի բնակիչներին զայրացրել է այն, որ նիկաբ հագած կինը ձեռքով կերակրել է տղամարդուն, և օգտատերերի մի մասը պահանջել է պատժել ոչ միայն տղամարդուն, այլ նաև նրա գործընկերուհուն:
Նշվում է, որ եգիպտացուն ձերբակալել են հյուրանոցում, որտեղ նա աշխատում էր: Նրան մեղադրանքներ կներկայացվեն մի շարք խախտումների, այդ թվում՝ հյուրանոցում աշխատելու համար, ինչն արգելված է ներգաղթյալների համար:
Միջադեպի կապակցությամբ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով օտարերկրացիներին հետևել Սաուդյան Արաբիայի օրենքներին և հարգել երկրի արժեքներն ու ավանդույթները: