Ավոկադոյի օգտակար հատկությունները
ՖՈՏՈԱվոկադոյն, որը հայտնի է նաև «ալիգատորի տանձ» անվանումով, տարածվել է Կենտրոնական Ամերիկայից: Ծառի բարձրությունը երբեմն հասնում է 18 մետրի:
Իր քիմիական բաղադրության և ոչ այնքան քաղցր համի պատճառով՝ ավոկադոն համարել են բանջարեղեն: Եղել է նաև ժամանակ, երբ այն ընկույզ են համարել: Չնայած այս ամենին՝ ավոկադոն, այնուամենայնիվ, միրգ է:
Ավոկադոն իր մեջ պարունակում է վիտամիններ (K, B2, B6, C, E), քիմիական տարրեր (կալիում, երկաթ, պղինձ), կենսաբանական ակտիվ նյութեր և թթուներ, որոնցով էլ պայմանավորված է նրա օգտակարությունը:
Այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնցից են՝
- Հիշողության բարելավումը,
- Սրտի աշխատանքի և օրգանիզմի նյութափոխանակության կարգավորումը,
- Սթրեսակայունության մակարդակի բարձրացումը,
- Արյան շրջանառության և արյունաստեղծման կարգավորումը,
- Սակավարյունության առաջացման կանխարգելումը,
- Մարսողական համակարգի աշխատանքի կարգավորումը,
- Արյան մեջ խոլեստերինի առաջացման կանխումը,
- Ծերացման գործընթացի դանդաղեցումն ու դրանով պայմանավորված՝ օրգանիզմի երիտասարդացումը և այլն:
Ի տարբերություն ավոկադոյի պտղամսի՝ նրա սերմն ու նրա տերևները վնասակար նյութեր են պարունակում: Նրանց կիրառումը կարող է մարսողական համակարգի խանգարում և (կամ) ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Նշենք, որ ավոկադոն օգտագործվում է սառը խորտիկների՝ աղցանների, բուտերբրոդների և այլ նախուտեստների պատրաստման մեջ՝ հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն դառը համ է ստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: