Լեյպցիգում ինքնաբուխ ցույցերն անկարգությունների են վերաճել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ երեկոյան գերմանական Լեյպցիգ քաղաքում ինքնաբուխ ցույցերն անկարգությունների են վերաճել, հայտնում է Tagesschau լրատվական կայքը` վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Ոստիկանության մամուլի խոսնակի խոսքով` ուրբաթ երեկոյան Լեյպցիգի Կոնեվից թաղամասում 200-ից 300 հոգի ինքնաբուխ ցույցի էին հավաքվել, որը վերաճել է անկարգությունների: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների եւ նրանց ավտոմեքենաների վրա, հրկիզել աղբամաններն ու արգելապատնեշները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Մոտ մեկ ժամ անց ցուցարարներին հաջողվել է հանգստացնել: Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ութ աշխատակից թեթեւ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հիշեցնում են ԶԼՄ-ները, ցույցերը սկսվել էին հինգշաբթի օրը` այն բանից հետո, երբ ոստիկանությունը մաքրել էր քաղաքի արեւելքում գտնվող ոչ բնակելի տունը, որը գրավել էին ակտիվիստները: