Էրդողանի մինիմում պլանը արդեն իսկ ձախողվել է. Ալեքսանդր Իսկանդարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, այլևս որևէ կասկածի տեղիք չի տալիս, 1or.am-ի հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ փորձագետի՝ նորություն չէ նաև այն, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ևս Թուրքիան այս կամ այն ձևով ներգրավված է եղել դեռևս 92-ից, բայց երբեք այն այսչափ բացահայտ չի եղել:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եղել են չեչեն վարձկաններ, հիմա նրանց փոխարինել են այլ տեղերից բերված վարձկանները: Բայց այս պատերազմում, որը հիմնականում օդային մարտերի շրջանակներում է ընթանում, վարձկան գրոհայինները, փաստացի, պետք չեն: Իմ կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն ավելի շատ ցանկանում էր ցույց տալ, որ հակառակ կողմում նաև այլ ուժեր կան, որի դեմ այսօր պատերազմում է հայկական բանակը, ոչ ավելին»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են կրակը դադարեցնելու կամ շարունակելու մասին հայտարարություններին Ադրբեջանի փոխարեն Թուրքիայի իշխանությունները պատասխանում, քաղաքագետը պատասխանեց.
«Թուրքական կողմն ուներ երկու պլան՝ մինիմում և մաքսիմում: Նվազագույն ցանկությունը՝ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության անդամ արդեն իսկ ձախողվել է: Երկրոդ ծրագիրը Հայավային Կովկաս ներխուժելն է: Այս հարցն այս պահին լուծվում է շփման գծում: Եվ երբ ավարտվի պատերազմը, շատ հարցեր պարզ կդառնան: Ինչ վերաբերում է կրակի դադարեցմանը, ապա պետք է հաշվի առնել, որ իրավիճակը ծայրահեղ լարված է, բայց հարկավոր է հանգստություն պահպանել և հետևել իրադարձությունների զարգացմանը» ,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Արմինե Գրիգորյան