Կրեմլն արձագանքել է Հայաստանին հասցված հարվածի մասին տեղեկատվությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքին հասցված հարվածի մասին տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ հարվածի արդյունքում օբյեկտներից մեկը ոչնչացվել է: Այս մասին «Интерфакс»-ին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի համաձայն՝ ռուս զինվորականները մշտական կապի մեջ են գտնվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
-Նախարարը հեռախոսային կապեր է ունեցել երկու կողմերի գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծության է ենթարկվում, - նշել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի մեխանիզմները, եթե տեղեկատվությունը հաստատվի, Կրեմլի ներկայացուցիչը տվել է խուսափողական պատասխան՝ առաջարկելով սպասել ստուգման արդյունքներին:
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից գոտու վրա հարձակման մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
-Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինուժը հարվածել է Հայաստանի տարածքում գտնվող ռազմական տեխնիկային՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին, - իր «Facebook»-յան էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա նաև նշել է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսուհետ իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը