ՀՀ տնտեսական դրսևորումներն ու ԵԱՏՄ գերակայությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՕրերս ԱՎԿ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտաքին աշխարհի հետ մեր առևտրի ծավալները կազմել են 5 մլրդ 48 մլն դոլար, ինչը 10,5 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ արտաքին առևտրի ցուցանիշները ավելի օբյեկտիվ պատկերացում են տալիս երկրի տնտեսական կացության մասին, քան տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը։ Փորձենք ներկայացնել արտահանման և ներմուծման ցուցանիշներն առանձին-առանձին։
Ըստ այդմ՝ արտահանումը նվազել է 4,4 տոկոսով, ներմուծումը՝ 13,7 տոկոսով։ Ուշագրավ են ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ցուցանիշները։ Երբ 2015 թ․-ին Հայաստանը մտավ միության մեջ, շատերը սկսեցին հախուռն քննադատել այդ որոշումը, մինչդեռ, այսօր ԵԱՏՄ-ն թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով բավականին գրավիչ է դարձել, քանի որ համարվում է միասնական տնտեսական տարածք և գրեթե բացակայում են մաքսային և այլ ընթացակարգերը։ Ընդգծենք, որ ՀՀ հիմնական առևտրային գործընկերը եղել և մնում է ՌԴ-ն, քանի որ ՀՀ ամբողջ արտաքին առևտրի 30,1 տոկոսը բաժին է ընկնում է հենց Ռուսաստանին։ Արտահանումը դեպի Ռուսաստան այս տարվա 9 ամիսներին սակայն նվազել է՝ 12,7 տոկոսով, այստեղ թերևս կարևոր դեր է խաղացել ոչ միայն համավարակը, այլև ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթները և, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկումը։
Բնական է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքը թանկանում է Ռուսաստանում և սկսում դժվարությամբ սպառվել։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանից դեպի Բելառուս՝ 30,8 տոկոսով և Ղազախստան՝ 16,2 տոկոսով արտահանումն ավելացել է, ինչը հենց ԵԱՏՄ-ի ընձեռնած հնարավորությունների մասին է փաստում։ Փաստացի՝ ի տարբերություն արտահանման, ՌԴ-ից Հայաստան ներմուծման ծավալներն ավելացել են՝ 5,1 տոկոսով։ Ավելացել է նաև Բելառուսից՝ 35 տոկոսով և Ղազախստանից՝ 4 անգամ, ներմուծման ծավալները։ Իհարկե, գումարային առումով Բելառուսի և Ղազախստանի հետ արտահանման-ներմուծման ծավալները անհամամեմատ փոքր Ռուսաստանի հետ Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալներից։ ԵԱՏՄ անդամ մյուս պետության՝ Ղրղզստանի հետ մեր առևտուրն ընդհանրապես աննշան ծավալներ ունի։ Վերոնշյալ տվյալները վկայում են այն մասին, որ ԵԱՏՄ-ն իրեն արդարացրած տնտեսական ինտեգրացման կառույց է, և Հայաստանի անդամակցումը այդ կառույցին ճիշտ է։ Այն պարագայում, երբ արգելվելու է թուրքական ապրանքների ներկրումը և մտահոգություն է արտահայտվում որոշ ապրանքների դեֆիցիտի կամ գների աճի մասին, դրանց փոխարինման այլընտրանք կարող են լինել նաև ԵԱՏՄ երկրների ապրանքները։
Անդրանիկ Կիրակոսյան