ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսական դրսևորումներն ու ԵԱՏՄ գերակայությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս ԱՎԿ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտաքին աշխարհի հետ մեր առևտրի ծավալները կազմել են 5 մլրդ 48 մլն դոլար, ինչը 10,5 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ արտաքին առևտրի ցուցանիշները ավելի օբյեկտիվ պատկերացում են տալիս երկրի տնտեսական կացության մասին, քան տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը։ Փորձենք ներկայացնել արտահանման և ներմուծման ցուցանիշներն առանձին-առանձին։

Ըստ այդմ՝ արտահանումը նվազել է 4,4 տոկոսով, ներմուծումը՝ 13,7 տոկոսով։ Ուշագրավ են ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ցուցանիշները։ Երբ 2015 թ․-ին Հայաստանը մտավ միության մեջ, շատերը սկսեցին հախուռն քննադատել այդ որոշումը, մինչդեռ, այսօր ԵԱՏՄ-ն թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով բավականին գրավիչ է դարձել, քանի որ համարվում է միասնական տնտեսական տարածք և գրեթե բացակայում են մաքսային և այլ ընթացակարգերը։ Ընդգծենք, որ ՀՀ հիմնական առևտրային գործընկերը եղել և մնում է ՌԴ-ն, քանի որ ՀՀ ամբողջ արտաքին առևտրի 30,1 տոկոսը բաժին է ընկնում է հենց Ռուսաստանին։ Արտահանումը դեպի Ռուսաստան այս տարվա 9 ամիսներին սակայն նվազել է՝ 12,7 տոկոսով, այստեղ թերևս կարևոր դեր է խաղացել ոչ միայն համավարակը, այլև ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթները և, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկումը։

Բնական է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքը թանկանում է Ռուսաստանում և սկսում դժվարությամբ սպառվել։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանից դեպի Բելառուս՝ 30,8 տոկոսով և Ղազախստան՝ 16,2 տոկոսով արտահանումն ավելացել է, ինչը հենց ԵԱՏՄ-ի ընձեռնած հնարավորությունների մասին է փաստում։ Փաստացի՝ ի տարբերություն արտահանման, ՌԴ-ից Հայաստան ներմուծման ծավալներն ավելացել են՝ 5,1 տոկոսով։ Ավելացել է նաև Բելառուսից՝ 35 տոկոսով և Ղազախստանից՝ 4 անգամ, ներմուծման ծավալները։ Իհարկե, գումարային առումով Բելառուսի և Ղազախստանի հետ արտահանման-ներմուծման ծավալները անհամամեմատ փոքր Ռուսաստանի հետ Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալներից։ ԵԱՏՄ անդամ մյուս պետության՝ Ղրղզստանի հետ մեր առևտուրն ընդհանրապես աննշան ծավալներ ունի։ Վերոնշյալ տվյալները վկայում են այն մասին, որ ԵԱՏՄ-ն իրեն արդարացրած տնտեսական ինտեգրացման կառույց է, և Հայաստանի անդամակցումը այդ կառույցին ճիշտ է։ Այն պարագայում, երբ արգելվելու է թուրքական ապրանքների ներկրումը և մտահոգություն է արտահայտվում որոշ ապրանքների դեֆիցիտի կամ գների աճի մասին, դրանց փոխարինման այլընտրանք կարող են լինել նաև ԵԱՏՄ երկրների ապրանքները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular