Կան բավարար ապացույցներ՝ միջազգային դատարան դիմելու համար. Արա Ղազարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում իրականացրած հանցագործություններին միջազգային մակարդակով իրավական գնահատական տալու գործընթացների մասին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն 2016 թվականի քառօրյա պատերազմի, այս անգամ պետությունն այդ բեռն իր վրա է վերցրել և այս պահին արդեն իսկ բավականին ապացուցողական բազա է հավաքել իրավական գործընթացներ սկսելու համար:
«Սա այն է, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում էինք: Միջազգային ատյաններում մենք կարող ենք երեք հիմնական հիմքերով դիմումներ ներկայացնել՝ մարդու իրավունքների խախտումների, միջազգային քրեական իրավունքի խախտում և միջազգային հումանիտար իրավունքի խախտում հատկանիշներով: Եվ, եթե պատերազմի ակտիվ փուլում գրեթե անհնար էր անհատական գանգատներ ներկայացնել միջազգային ատյաններ, ապա հիմա հնարավոր է: Բայցի այդ, խոսքը միայն միջազգային գանգատներին չպետք է վերաբերի, այլ պետք է աշխատել միջազգային մոնիտորինգային խմբերի հետ, որը ևս կօգնի դատավարությունների ժամանակ»,- ասաց Ա. Ղազարյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով բավարար հիմքեր կան նաև ռազմագերիների մասով միջազգային դատարան դիմելու համար, քանի որ կան թե՛ ՄԻԵԴ-ի որոշումներ, և թե՛ տեսապատկերներ: Բավարար ապացույցներ կան նաև հեռահար հրետակոծման, հայատյացության և այլ հիմքերով միջազգային դատարան դիմելու համար:
«Անհրաժոշտ է նաև պատերազմական գործողությունների խախտումների մասով ապացուցողական բազա հավաքել, որը, բնականաբար, պետք է ռազմական մասնագիտական վերլուծության շրջանակներում լինի: Կարևոր է նաև, որ առնվազն երկու պետություն՝ Ռուսաստանը և Ֆրանսիան նշել են, որ իրենք ապացույցներ ունեն տեռորիստական խմբերին հարող վարձկան ահաբեկիչների մասին: Եվ միջպետական գանգատի դեպքում այս ամենը կարող են ներկայացվել որպես ապացույցներ, հիմնավորելու ամենակարևորը՝ պատերազմի միջոցով էթնիկ զտմումը, որը տեղի է ունեցել ռասիզմի հետևանքով»,- ասաց Ա. Ղազարյանը:
Արմինե Գրիգորյան