Քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, պատերազմի ռիսկը մշտապես պահպանվելու է. Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին, այսօր՝ նոյեմբերի 27-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է, որի արդյունքում կողմերից մեկը իր տարածքներն է ընդլայնում, մյուսը իր ազդեցությունն է տարածաշրջանում մեծացնում, իսկ Հայաստանը հայտնվել է զիջողի դերում:
«Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի գործոնն, ինքնին մշտապես պահպանում է պատերազմի վերսկսման վտանգը: Եվ քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է, պատերազմի ռիսկը միշտ պահպանվելու է, քանի որ մեր թշնամիները օգտվելու են պարտվողի հոգեբանություն ունեցող կապիտուլյանտ վարչապետից և անընդհատ զիջումներ են կորզելու, որի ամենադասական օրինակը՝ երեկ Սոթքում տեղի ունեցած գործընթացն էր»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Նա նշեց, որ Սոթքի խնդիրը ուսումնասիրել է և պարզել, որ դեռևս 80-ական թվականներին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, այդ տարածքով անցնող սահմանի ճշգրտում է տեղի ունեցել և վիճելի տարածքը Հայաստանի սահմանը գծվել է այնպես, որ հանքավայրը մեր տարածքում լինի: Այնպես որ այդ հարցի շուրջ մինչ օրս որևէ հակասություն չի եղել:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում
Աննա Մանասարյան