Կառավարությունն առողջապահության ոլորտում պետպատվերների համակարգը կդարձնի հետվճարային
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿառավարությունը նպատակ ունի առողջապահության ոլորտում պետպատվերների համակարգը հետվճարային դարձնել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Մենք հիմա քննարկումների մեջ ենք: Մոտակա մեկ ամսում մենք կառավարության քննարկմանը կներկայացնենք ծրագիր, որը, հավանության արժանանալու դեպքում, կներկայացվի նաև հանրության դատին: Մոտեցումը պետպատվերների համակարը հետվճարային դարձնելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը մանրամասնեց, որ այդ դեպքում այլևս հաճախորդը չի հետևելու գումարներին, չի նայելու, որ այս կամ այն հիվանդանոցում պետպատվերի չօգտագործված մաս կա, այլ գումարն է հետևելու հաճախորդին:
«Այսինքն, հաճախորդն ընտրելու է հիվանդանոցը, բուժվելու է, և այդ հիվանդանոցը դրա համար գումար է ստանալու»,- ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ այդպիսով կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
Հարցին, թե հնարավոր չէ՞, որ այդ դեպքում հիվանդանոցը և հաճախորդը գործարքի գնան, նախարարը պատասխանեց. «Դրա համար կան, այսպես ասած, հակաթույներ: Ամեն օր մոտավորապես 10 տոկոս դիմումներ կստուգվեն»: