Եթե չսովորենք ընտրության միջոցով իշխանություն ձևավորել, քաղաքական ինստիտուտները չեն զարգանա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Հայկ Սուքիասյանի համար զարմանալի է, որ դեմոկրատիայի տակ շատերը հասկանում են ամենաթողություն և մտածում են, որ ամեն ինչ կարող են ասել և անել, իսկ թավիշի ներքո, ի սզբանե անկազմակերպվածություն է եղել: Ուստի, ըստ նրա՝ ամեն ինչից առաջ նախ հարկավոր է երկիրը կարգի բերել: Ինչ վրաբերում է հասարակության գործողություններին, Հ. Սուքիասյանի կարծիքով՝ նրանք չեն միանում ընդդիմության կոչերին, քանի որ երկար տարիներ հետո, երբ ժողովուրդը կարողացել է իր ընտրությամբ իշխանություն ձևավորել, հիմա չի ցանկանում հետքայլ կատարել և թույլ տալ, որ իշխանությունները նախկինի նման կրկին վերարտադրվելու միջոցով ընտրվեն:
«Ուզենք թե չուզենք, այս իշխանությանը ժողովուրդն է ընտրել: Այսինքն՝ երկար տարիների դադարից հետո ընտրվել է մի իշխանություն, որին ժողովուրդն է բերել իշխանության: Մենք երկար տարիներ զրկված ենք եղել բնական սելեկտիվ եղանակով իշխանություն ձևավորելու հնարավորությունից: Հայաստանում քաղաքական կյանքը չի զարգացել, քանի որ մշտապես գայթակղություն է եղել զեղծարարությամբ կամ փողոցով գալ իշխանության: Այդ իսկ պատճառով մրցում են ոչ թե քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը, այլ՝ անձինք: Այդ է նաև պատճառը, որ կուսակցությունները չեն կարողացել զարգանալ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հ. Սուքիասյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ ներկայումս երկրում խառնաշփոթ իրավիճակ է, քանի որ անկախությունից հետո մինչ օրս Հայաստանում քաղաքական էլիտա չի ձևավորվել: Սակայն, դա չի նշանակում, որ նոր իշխանությունները չպետք է ընտրական համակարգերի շնորհիվ ձևավորվեն:
«Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ անձինք նկուղներում, խորովածանոցներում, վերլուծական կենտրոններում որոշեն, որ իրենք են գալու իշխանության: Մեր հասարակությունը պետք է նաև սովորի, որ փողոցային ակցիաների միջոցով չեն իշխանություն ձևավորում: Պետք է թույլ տալ, որ փոփոխությունները ինստիտուցիոնալ մակարդակում տեղի ուենան, որպեսզի քաղաքական մշակույթը զարգանա: Եթե մենք չսովորենք ընտրության միջոցով իշխանություն ձևավորել, Հայաստանում քաղաքական ինստիտուտները չեն զարգանա»,- ասաց Հ. Սուքիասյանը:
Արմինե Գրիգորյան