Պետության ապամոնտաժման նուրբ արվեստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն, որ մեծ հաշվով, Հայաստանում դասական քաղաքական դաշտ գոյություն չունի, վաղուց բոլորին հայտնի է: Հետևաբար չկան նաև դասական քաղաքական գործընթացներ: Թերևս ամենակարևոր քաղաքական գործընթացը` ընտրությունները, մեզանում կամ կեղծվել են, կամ այնքան նվազ լեգիտիմության պաշար են ունեցել, որ հիմք են դրել քաղաքական ճգնաժամերի: Թերևս միակ ազատ ու արդար ընտրություններն անկախությունից հետո, տեղի ունեցան 2018թ.-ին, սակայն դրանց արդյունքը 2.5 տարի հետո ավելի ողբերգական հետևանքներ ունեցան: Բնականաբար արցախյան երկրորդ պատերազմը 2018թ.-ի ընտրությունների արդյունք է, և առհասարակ ցանկացած գործընթացի լավ կամ վատ ելք պետության համար ընտրությունների արդյունք է: Սա փոքր ինչ վիճելի, բայց մեծ ճշմարտություն է: Այդուհանդերձ, պատերազմ սկսվում է, երբ չկան բանակցություններ: Սեփական կետից բանակցող Նիկոլ Փաշինյանը ուղղություն վերցրեց դեպի պատերազմ: Սակայն սա չէ, որ հիմա քննարկման ենթակա է: Այլ այն, որ պատերազմի ավարտից հետո, Հայաստանի քաղաքական դաշտում կատարյալ քաոս է:
Ամենասկզբից Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության համար բոլորին մեղավոր նշանակեց, բացի իրենից: Հաջորդիվ ընդդիմադիր ուժերը սկսեցին ամենօրյա ռեժիմով հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ, հացադուլ ու բողոքի այլ ակցիաներ կազմակերպել: Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քննարկենք արտահերթ ընտրություններ անցկացնենք: Հետո ընդդիմությունը գնաց Նոր Տարի նշելու, մի մասը սկսեցին ջղայն ստատուսներ գրել և այլն, և այլն: Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Սյունիքում կորցնում էր դիրքեր, գյուղեր, ճանապարհներ: Ու ոչ մի մտահոգություն, ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական լրջագույն գործընթաց ու դիսկուրս: Իրականում Հայաստանում այժմ քաղաքական ճգնաժամ է` բառի ամենալայն իմաստով:
Ոչ իշխանությունը գիտի, թե ինչ է ուզում և ինչ պիտի անի, ոչ ընդդիմությունը: Այս փակ շղթայում ամեն կորսված օրվա համար շատ թանկ են վճարում ՀՀ քաղաքացիները և Հայաստանն առհասարակ: Հայաստանում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, չկան ներդրումներ ու կարծես թե չեն էլ լինի տեսանելի ապագայում: Քանզի ոչ մի խելքը գլխին ներդրող Հայաստանում փող չի ծախսի նման քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում: Եվ ի վերջո, քաղաքական դաշտի դերակատարների պոպուլիզմն, անսխալականության բարդույթն ու ինքնահավանությունը բերել են նրան, որ Հայաստանը թե ինքն իր ներսում, թե արտաքին աշխարհի հետ հարաբերություններում հասել է ռեկորդային մինիմում ինքնաիրացման:
Կարեն Դանիելյան