ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության ապամոնտաժման նուրբ արվեստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ մեծ հաշվով, Հայաստանում դասական քաղաքական դաշտ գոյություն չունի, վաղուց բոլորին հայտնի է: Հետևաբար չկան նաև դասական քաղաքական գործընթացներ: Թերևս ամենակարևոր քաղաքական գործընթացը` ընտրությունները, մեզանում կամ կեղծվել են, կամ այնքան նվազ լեգիտիմության պաշար են ունեցել, որ հիմք են դրել քաղաքական ճգնաժամերի: Թերևս միակ ազատ ու արդար ընտրություններն անկախությունից հետո, տեղի ունեցան 2018թ.-ին, սակայն դրանց արդյունքը 2.5 տարի հետո ավելի ողբերգական հետևանքներ ունեցան: Բնականաբար արցախյան երկրորդ պատերազմը 2018թ.-ի ընտրությունների արդյունք է, և առհասարակ ցանկացած գործընթացի լավ կամ վատ ելք պետության համար ընտրությունների արդյունք է: Սա փոքր ինչ վիճելի, բայց մեծ ճշմարտություն է: Այդուհանդերձ, պատերազմ սկսվում է, երբ չկան բանակցություններ: Սեփական կետից բանակցող Նիկոլ Փաշինյանը ուղղություն վերցրեց դեպի պատերազմ: Սակայն սա չէ, որ հիմա քննարկման ենթակա է: Այլ այն, որ պատերազմի ավարտից հետո, Հայաստանի քաղաքական դաշտում կատարյալ քաոս է:

Ամենասկզբից Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության համար բոլորին մեղավոր նշանակեց, բացի իրենից: Հաջորդիվ ընդդիմադիր ուժերը սկսեցին ամենօրյա ռեժիմով հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ, հացադուլ ու բողոքի այլ ակցիաներ կազմակերպել: Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քննարկենք արտահերթ ընտրություններ անցկացնենք: Հետո ընդդիմությունը գնաց Նոր Տարի նշելու, մի մասը սկսեցին ջղայն ստատուսներ գրել և այլն, և այլն: Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Սյունիքում կորցնում էր դիրքեր, գյուղեր, ճանապարհներ: Ու ոչ մի մտահոգություն, ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական լրջագույն գործընթաց ու դիսկուրս: Իրականում Հայաստանում այժմ քաղաքական ճգնաժամ է` բառի ամենալայն իմաստով:

Ոչ իշխանությունը գիտի, թե ինչ է ուզում և ինչ պիտի անի, ոչ ընդդիմությունը: Այս փակ շղթայում ամեն կորսված օրվա համար շատ թանկ են վճարում ՀՀ քաղաքացիները և Հայաստանն առհասարակ: Հայաստանում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, չկան ներդրումներ ու կարծես թե չեն էլ լինի տեսանելի ապագայում: Քանզի ոչ մի խելքը գլխին ներդրող Հայաստանում փող չի ծախսի նման քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում: Եվ ի վերջո, քաղաքական դաշտի դերակատարների պոպուլիզմն, անսխալականության բարդույթն ու ինքնահավանությունը բերել են նրան, որ Հայաստանը թե ինքն իր ներսում, թե արտաքին աշխարհի հետ հարաբերություններում հասել է ռեկորդային մինիմում ինքնաիրացման:

Կարեն Դանիելյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular