Սեուլում ցուցահանդեսի ժամանակ այցելուները սխալմամբ վնասել են 440 հազար դոլար արժողությամբ ստեղծագործությունը
ՄՇԱԿՈՒՅԹՍեուլում ցուցահանդեսի ժամանակ այցելուները վնասել են ամերիկացի նկարիչ JonOne-ի «Անանուն» գրաֆիտին, որի արժեքը գնահատվում է 440 հազար դոլար, հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Զույգին շփոթեցրել էին ներկերն ու վրձինները, որոնք թողել էին կտավի հարեւանությամբ: Իսկ այդ արվեստի գործն ամբողջ ցուցահանդեսում միակն էր, որը ներկայացված էր առանց շրջանակի մեծ չափսերի պատճառով: Ենթադրելով, որ դրա վրա կարելի է նկարել, երիտասարդներն ավելացրել են մի քանի մուգ կանաչ երանգ եւ հեռացել:
Թանգարանի աշխատակիցները նկատել են փոփոխությունները նկարի վրա եւ տեսախցիկներով պարզել այցելուներին ու կանչել ոստիկանություն: Ավելի ուշ երիտասարդներին ազատել են. նրանց պատիժ չի սպառնում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի ներկայացուցիչ Կան Ուքը պատմել է, որ վրձիններն ու ներկերը թողել էին կտավի մոտ, որպեսզի դրան հաղորդեին նկարչի աշխատանքային գործընթացը: Դա ինքնատիպ ավանդույթ է. 2016 թվականին JonOne-ն ավարտել էր իր նկարը գրաֆիտիի ցուցահանդեսի ժամանակ այցելուների աչքի առաջ Սեուլի Արվեստի կենտրոնում, իսկ երբ կտավն արդեն պատրաստ էր, օգտագործված նյութերը նույնպես համարվել էին ցուցադրության մաս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: