Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել, հայտնում է Ahval թերթը։
Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընթացքում Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։
«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։
Պատգամավորը հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», - ասված էր Միացյալ Նահանգների նախագահի ելույթում։