Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին:
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում։
Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։