Ի՞նչ է սպասվում այս ընտրություններին․ սոցիոլոգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել գրեթե այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք նախկինում էլ եղել են ակտիվ քաղաքականության մեջ, և ժողովուրդը լավ գիտի թե ով ինչ է արել: Այս թեմայով զրուցել ենք սոցիոլոգների հետ՝ պարզելու նախընտրական տրամադրությունները։
Ըստ սոցոլիոլոգ Կարեն Սարգսյանի, այս ընտրությունների ելքը կանխատեսելը բավականին դժվար է, որովհետև մարդկանց մի մասը այսօրվա իրավիճակի հիման վրա է ընտրելու, իսկ մի մասը անցյալից եկող հիշողությունների և էմոցիաների․ « Սպասվող ընտրություններում խնդիրը բևեռվելու է մի ձևակերպման շուրջ , թե ժողովուրդը ինչքանո՛վ է լավ հիշում, այսինքն, ի՛նչն են հիշելու և ինչի՛ հիման վրա են ընտրություն կատարելու՝ էմոցիաների՞, թե՞ այսօրվա իրավիճակից ելնելով: Սրանք բավականին դժվար հարցեր են, որոնց հնարավոր կլինի պատասխանել քարոզարշավի ընթացքում, որովհետև, չնայած հայտնի են քաղաքական ուժերը, բայց հայտնի չէ, թե ինչ ծրագիր են առաջարկում, ի վերջո՝ ընտրում ես ոչ թե անձին, այլ՝ ծրագիրը»։
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն էլ կարծում է, որ այս ընտրությունների արդյունքում ոչ թե 3, այլ 5-6 կուսակցություններ են ԱԺ մտնելու․ «Ասեմ ձեզ, հատուկ ուսումնասիրություն չենք կատարել, բայց ես հետևում եմ և իմ պատկերացումներով ավելի ակտիվ մասնակցություն կլինի ընտրություններին և շատ կուսակցություններ կընդգրկվեն ապագա Ազգային ժողովում: Այսինքն, ոչ թե երեքը կլինեն, այլ 5-6-ը»։
Ըստ սոցիոլոգի այս ընտրություններում բևեռները շատ տարբեր են․ « Այս անգամ ԱԺ-ում շատ կուսակցություններ կլինեն, որովհետև նախ այս անգամ մասնակիցները շատ են և հետո՝ բևեռներն են շատ տարբեր: Ամեն մեկն իր ծրագրերն ու մոտեցումներն ունի և այնպես են տրամադրված, որ կարծես թե ոչ մեկը չի ցանկանում դաշտը զիջել: Կարծում եմ, որ բավականին թեժ նախընտրական պայքար կգնա և համոզված եմ, որ կուսակցությունների թիվն ավելին կլինի, քան 3-ը»։
Սոնա Գիշյան