Մահվան ելքով վրաերթ Երևանում. դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետը, քննչական վարչության պետի տեղակալն ու ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղազարյանը, Բագրատունյաց պողոտայում` Գործարանային մետրոյի հարևանությամբ, իր վարած «Honda» մակնիշի 35 TՍ 655 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 54-ամյա Իսրայել Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է պատկան մարմիններին, սակայն վախեցել է մոտենալ վրաերթի ենթարկվածին, քանի որ մահացածի հարազատներն այնտեղ են եղել: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում, որպես ինժեներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի