Բաքուն փորձում է զրոյացնել ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում. փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները պայմանավորված են նրանով, որ Բաքուն ձգտում է չեզոքացնել և վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նա նշել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում և Երևանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղ զինվորական անձնակազմ տեղափոխելու մեջ, իսկ ռուս խաղաղապահներին` այդ գործընթացը չկանխելու մեջ:
Փորձագետի խոսքով` նման կերպ Ադրբեջանը հետապնդում է երկու կարևոր նպատակ. նախ լարվածություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում, և երկրորդ հերթին ճնշում գործադրել Երևանի վրա սահմանազատման և սահմանագծման հարցում: Արեշևը հիշեցրել է, որ ադրբեջանական փորձագիտական հանրությունը բազմիցս է դժգոհություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունից:
«Ռուս խաղաղապահների տեղակայման հենց սկզբից հեղինակավոր փորձագետները ենթադրություններ են արել ռուսական ներկայությունը վարկաբեկելու նպատակով ապագա սադրանքների և տեղեկատվական ներարկումների վերաբերյալ», - ասել է նա:
Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, ապա փորձագետը կարծում է, որ «սահմանազատումը՝ ըստ ադրբեջանական կողմի մտադրության, ճանապարհ կհարթի ինչ-որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը ենթադրելու է նախկին խորհրդային սահմանների ճանաչում, բայց Բաքվի համար հարմար կոնֆիգուրացիայով»: Արեշևը խոստովանել է, որ Ադրբեջանը «բավականին հետևողականորեն է աշխատում այդ տրամաբանության մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը