«Ժողովուրդ»․ Անվերահսկելի վիճակ. ինչպես են տուրիստական կազմակերպությունները խարդախություն անում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»-ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին:
Պատճառն այն է, որ տուրօպերատորները որևէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ և լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, և պայմանագրում ենթակա դրույթներ ևս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Այսինքն՝ հերթական անգամ համոզվում ենք, որ զբոսաշրջային ոլորտը բարձիթողի վիճակում է: Դա է պատճառը, որ մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության. դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում, անգամ «դալաններում»: Փաստ է՝ ամեն տարի գրանցվող խարդախության դեպքերը չեն սթափեցնում կառավարությանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։