Մենք որևէ կապ չունենք Գյուլենի հետ, մենք քեմալական ենք. ՌԴ դեսպանին սպանած թուրք ոստիկանի ընտանիքը խոսել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի ընտանիքն ու ազգականները հարցազրույց են տվել լրատվամիջոցներին:
Մևլութի մայրը պատմել է, որ իր տղան շատ հանգիստ, լռակյաց ու ինքնամփոփ էր, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Այդ օրը զանգահարեց ինձ, ասաց. «Մայրիկ, ի՞նչ ես անում»: Ես էլ ասացի, որ հյուր եմ գնացել մեկի տուն, և հենց ազատվեմ՝ կզանգահարեմ իրեն: Նա էլ «Լավ, մայրիկ, Ալլահը թող քեզ պահապան լինի» ասաց և հեռախոսն անջատեց: Հետո երբ զանգահարեցի նրան՝ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Նրա հետ նույն տանը մնացող ընկերոջը զանգեցի, զանգը գնում էր, բայց վերցնող չկար», - պատմել է մայրը:
Մարդասպանի հորեղբոր տղան նշել է, որ Մևլութն ավելի կրոնապաշտ էր դարձել ոստիկանական ակադեմիա ընդունվելուց հետո:
«Ոստիկանական ակադեմիայում ուսումը սկսելուց ի վեր լսեցինք, որ նամազ է անում: Այդ ժամանակ ավելի ինքնամփոփ, չշփվող դարձավ», - պատմել է Բ. Ալթընթաշը:
Նա նաև հերքել է Թուրքիայի նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումները, թե Մևլութն ու իր ընտանիքը կապ ունեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ:
«Մենք գյուլենականների հետ ոչ մի կապ չունենք, մենք քեմալական ընտանիք ենք», - հայտարարել է Բ. Ալթընթաշը:
«Երևի ոմանք նրան խաբել, ասել են, թե «հերոս կդառնաս»: Չգիտեմ, թե նրա ծնողների մտադրությունն ինչպիսին է, բայց մենք՝ որպես նրա ազգականներ, թաղման արարողությանը չենք մասնակցի: Դավաճանների համար հոգեհանգստի նամազ չի արվում մեզանում»,- ասել է ազգականը:
Նշենք, որ Մևլութ Մերթ Ալթընթաշի մարմինը դիահերձարանից դեռ ոչ ոք չի տարել, 15 օրվա ընթացքում Ալթընթաշի ազգականներից որևէ մեկի չհայտնվելու դեպքում նրան կթաղեն ընդհանուր գերեզմանոցում: