Ալեն Սիմոնյանի համար մեր գերիները գոյություն չունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է հայ ռազմագերիների մասին՝ նշելով, որ այդ տղաները զենքը դրել ու փախել են, իր համար այլևս չկան։ Այս տեսանյութը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Հասարակական տարբեր գործիչներ արդեն պահանջում են Ալեն Սիմոնյանին հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից ու զրկել պատգամավորական մանդատից ու ասում են, որ դա պետք է նախաձեռնի հենց իշխող քաղաքական թիմը: Այս ամենի մասին զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։
Անդրադառնալով տեսանյութին Լարիսա Ալավերդյանը ասաց․ «Ես կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Այդ տեսանյութը ցույց է տալիս Ալեն Սիմոնյանի վերաբերմունքն այդ անձանց մասին և պարզվում է, որ ՀՀ «Հպարտ» քաղաքացի Ալեն Սիմոնյանի համար մեր գերիները գոյություն չունեն։ Գերիների հանդեպ նման վերաբերմունք եղել է միայն Ստալինի ժամանակ, երբ հստուկ հրաման էր եղել, որ գերեվարված անձանց պատերազմի ավարտից հետո անմիջապես ուղարկելու են Սիբիր։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ցույց է տալիս այն վերաբերմունքը, որը տոտալիտար իշխանությունը ցուցաբերում էր գերի ընկած մարդկանց։ Ինչ վերաբերում է այս անձին, ապա տպավորություն է, թե նա, Ալիևի հետ միասին, ոտնահարում է բոլոր այն նորմերը, որոնք շարադրված են Միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիաներով։ Ամենամղձավանջային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որի զինվորները հայտնվել են գերության մեջ, կարող է այդպիսի հայտարարություն անել»։
Հատկանշական է այն, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը անդրադառնալով գերիների մասին հարցադրմանը նշել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:
Սոնա Գիշյան