ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական ընտրությունները՝ լուրջ հնարավորություն Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆրանսիայում հաջորդ տարի նախագահական ընտրություններ են կայանալու։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի հայտարարել առաջադրվելու մասին, սակայն վերլուծաբանները չեն կասկածում, որ կառաջադրվի։ Նրա վարկանիշն այնքան էլ բարձր չէ՝ 23-25 տոկոս։ Առաջին անգամ Ֆրանսիայում լուրջ շանսեր ունեն ծայրահեղականները։ Մարին Լը Պենը, վերջին հարցումներով ունի 16 տոկոս, սակայն նրա վարկանիշը աճի միտում չունի։ Աջ ծայրահեղական, «Ռեկոնկիստա» շարժման առաջնորդ Էրիկ Զեմուրի վարկանիշը հասել է 15 տոկոսի և աճի միտումներ է ցուցաբերում։ Հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսի վարկանիշը ևս մոտ 16-17 տոկոս է։ Աջ-կենտրոնամետ Քսավյե Բերտրանն ունի 14 տոկոս, «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի վարկանիշն իջել է 10 տոկոս և շարունակում է իջնել։ 5,5 տոկոս ընտրազանգված էլ այս պահին ունի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ընդ որում, ֆրանսիացի վերլուծաբանները նշում են, թե երկրում ձախերը լուրջ կորուստներ են գրանցում վարկանիշի առոմով, նրանց գաղափարներն այլևս մեծ ժողովրդականություն չեն վայելում, իսկ ֆրանսիացիների մեջ ավելի են արմատավորվում աջ, ծայրահեղական ու պոպուլիստական գաղափարները։ Վկան՝ «Ֆրանսիական Թրամփ» մականունը ստացած Զեմուրի սրընթաց վերելքն է։ Ֆրանսիայում ընտրությունները ընթանալու են ամեն քվեի համար, թեկնածուները մինչև վերջին պահը պայքարելու են։
 
Վստահաբար երկրորդ տուր կլինի, որին, առնվազն այս պահի դրությամբ, մասնակցելու շանսեր ունեն Մակրոնն ու Զեմուրը։ Ի դեպ, երկրորդ տուրը կայանալու է ապրիլի 24-ին։ Ու բնավ զարմանալի չէ, որ մոտ 750 հազարանոց հայ համայնքը առնվազն մինչև ապրիլ լուրջ քաղաքական գործոն է դառնալու Ֆրանսիայում։ Դեկտեմբերի 11-14-ը Հայաստան էր այցելել նույն Էրիկ Զեմուրը՝ ուղեկիցների և լրագրողների տպավորիչ խմբով, եղել Խոր Վիրապում, ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում, հանդիպումներ ունեցել։ Երևանում նա հարցազրույց էր տվել Agence France-Presse-ին, խոսել Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին, մեղադրել Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։
 
Մինչև տարեվերջ Հայաստան է այցելելու նաև հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսը։ Երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մակրոնն այսօր խնդիր ունի հայ համայնքին իր կողմը գրավելու, ուստի այդ հանգամանքը պետք է օգտագործել ու չարաշահել անխնա։ Կկարողանա՞ արդյոք ՀՀ իշխանությունն անել դա, բարդ է ասել։ Մի խելացի բան, համենայն դեպս, արել են․ վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԱԳ նախարարի մակարդակով չեն ընդունել Զեմուրին, սակայն չեն էլ վիրավորել, ԱԺ-ում նրան ընդունել են Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի մակարդակով։ Այսինքն, չեն նեղացրել նաև Մակրոնին։ Հերթը հիմա Ֆրանսիայինն է։
 
Հարություն Լևոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular