ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ եկեղեցում․ օրհնությունից հետո քահանան 50 000 դրամ է պահանջել՝ «վերևների համար»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը դեկտեմբերի 31-ին մասնակցել է պսակադրության Երևանի սբ. Երրորդություն եկեղեցում, տհաճ միջադեպի է ականատես եղել պսակադրությունն իրականացնող Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչն ապշեցրել է հարսանքավորներին ու փչացրել նրանց տրամադրությունը:

Ըստ քաղաքացու՝ պսակադրությունից անմիջապես հետո քահանան կանչել է հարսնացուի ազգականին՝ ասելով, որ լրացուցիչ գումար է պետք հավաքել, քանի որ խաչհամբույրի գումարը քիչ է: Քաղաքացին ականատես է եղել, որ քահանան այնուհետ փեսայի հետ է խոսել ու պահանջ ներկայացրել, թե «էսպես չի լինի, գումար ավելացրեք, ես մենակ 50 հազար դրամ պետք է վերևներին տամ, բայց ձեր հավաքած գումարը քիչ է»: Հարսանիքի մասնակիցները հրաժարվել են գումար ավելացնել, ինչից հետո քահանան զայրացել է ու, դժգոհությունը չթաքցնելով, փնթփնթալով շրջել է եկեղեցում:

Արարատյան հայրապետական թեմի կայքէջից տեղեկանում ենք, որ Տեր Կորյունը հենց այս թեմի քահանաներից է: Նա 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001-2015թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք և ավագ քահանայության պատիվ: Իսկ 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:

Քանի որ տեր Կորյունը Արարատյան հայրապետական թեմից է, որի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, Tert.am-ը դիմեց արքեպիսկոպոս Կճոյանին: «Նման բան գոյություն չունի Արարատյան թեմում և ոչ մի եկեղեցում: Եթե նման բան տեղի է ունեցել, քահանան կոպիտ սխալ է թույլ տվել, բայց ապացույց է պետք: Նման կարգ գոյություն չունի»,- ի պատասխան հայտարարեց Նավասարդ Կճոյանը:

Դիտարկմանը, թե քահանան ասել է, որ իրենից վերև պետք է 50 հազար գումար տա, իսկ իրենից վերև հենց ինքը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, սրբազանն ասաց. «Իրենից վերևը հոգևոր հովիվն է, հետո նոր ես եմ, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Նման կարգ գոյություն չունի, եթե գոյություն ունենար, համատարած բնույթ կկրեր»:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում քահանան նման հայտարարություն արել, Նավասարդ սրբազանն այսպիսի պատասխան տվեց. «Դե հիմա քահանային էլ որ հարցնենք, քահանան կժխտի դա: Եթե ուզում եք ճշմարտությունը բացահայտվի, էդ մարդիկ պետք է գան և ասեն՝ մեզ հետ է տեղի ունեցել դա»:

Հարցին, թե Արարատյան թեմի առաջնորդը չի՞ կարծում, որ քահանան պետք է պատասխանատվության ենթարկվի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Բայց ապացույց է պետք: Ինչպե՞ս ես դա ապացուցեմ: Տեր Կորյուն քահանան հին քահանա է, բազմափորձ քահանա է: Նաև դասավանդում է ճեմարանում: Ես զարմանում եմ, ճիշտն ասած: 2-3 հազար է գումարը, որը գնում է քահանային և եկեղեցուն, մնացածն ըստ իրենց բարի հայեցողության է՝ կուզենան քահանային վճարեն, թե չեն ուզի: Դա իրենց անձնական գործն է, քահանան պահանջելու իրավունք չունի: Էդ քահանան կպատժվի, եթե դա հաստատվի, դրա համար խնդրում եմ՝ էդ մարդկանց ասեք, թող ինձ մոտ գան, դիմեն, ժամադրվեն, հանդիպենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Ես կարծում եմ՝մեր քահանաները բոլորը բարեխիղճ աշխատում են:

Եթե նման բանը փաստվում է, էդ քահանան պետք է պատժվի, տարբեր պատիժներ կան»:

Դիտարկմանը, թե միգուցե այդ քահանան էլ է ուզում շքեղ կյանքով ապրել, շքեղ մեքենա վարել, ինչպես ինքը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հակադարձեց, որ ինքը շքեղ կյանքով չի ապրում: «Դուք որտեղի՞ց գիտեք դա: Դուք էդպիսի բաներին հավատո՞ւմ եք, որ ասում են: Շատ տեղերում շատ բան են ասում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular