ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան լճի մոտ ծեծված մարմնավաճառուհին փորձել է «գործ սարքել» պարտատեր «կոլեգայի» գլխին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գոհար Հ.-ի գործի դատական քննությունը:

38-ամյա Գոհարին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատական ակտում արձանագրված է, որ Գոհար Հ.-ն 1998 թվականին ամուսնացել է երևանցի երիտասարդի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է մեկ երեխա:

Ընտանեկան անհաշտության պատճառով Գոհարը 2000 թվականին ամուսնալուծվել է:

Ամուսնալուծությունից հետո Գոհարը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ:

2014 թվականին նա ծանոթացել է երևանցի Արևիկի հետ, ով զբաղվել է մանրածախ առևտրով: Գոհարը հաճախ Արևիկից պարտքով գումար է վերցրել կամ հագուստ և այլ ապրանքներ է գնել ու հիմնականում մարել է պարտքը:

Արևիկի միջոցով Գոհարը ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի Հերմինեի հետ, ով նույնպես Երևանում զբաղվում էր մարմնավաճառությամբ:

2016 թվականի հունվարին Գոհարը Արևիկից պարտքով 9 հազար դրամ է վերցրել՝ մի քանի օր անց վերադարձնելու պայմանով, բայց ուշացրել է: Արևիկը մի քանի անգամ զանգել է նրան ու պահանջել է վերադարձնել այդ ու մնացած բոլոր պարտքերը:

Գոհարի «գործընկերուհի» Հերմինեն այդ պարտքից տեղյակ լինելով՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 22-ի սահմաններում իրենց «աշխատավայրում»՝ Երևանի Բագրատունյաց փողոցում, վիճաբանել է Գոհարի հետ ու հյութի շշով հարվածել է Գոհարի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:

Այդ միջադեպի ու մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ Գոհարը ոստիկանություն չի դիմել:

Հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, պարտատեր Արևիկը հորը վերցրել ու գնացել է Գոհարի գյուղ՝ իր գումարը պահանջելու:

Գոհարի տանը վիճաբանություն է եղել, որն ավարտվել է հարևանուհի Ռայայի միջամտությամբ: Կանայք մեկը մյուսին չեն հարվածել, միայն վիճել են: Սակայն զայրացած լինելով Արևիկի վրա՝ Գոհար Հ.-ն զանգահարել է ոստիկանություն ու կատարել է սուտ մատնություն: Նույն օրը ոստիկանության բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Գոհարը հաղորդում է տվել, իբր Արևիկը եկել է իր տուն՝ պարտքի գումարը պահանջելու, վիճել է իր հետ, ապա բռունցքով հարվածել է իր դեմքին...

Ընդհանուր իրավասության դատարանում Գոհար Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել՝ սոցիալական ծանր վիճակից դրդված: Երբ ծանոթացել է Արևիկի հետ, սկսել է նրանից երբեմն-երբեմն պարտքով գումար վերցնել, ապա ժամանակին վերադարձրել է: Արևիկի միջոցով ծանոթացել է նաև իր պես Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Հերմինեի հետ:

2016 թվականի հունվարին Արևիկից պարտքով նորից գումար է վերցրել ու խոստացել է մի քանի օր հետո պարտքը վերադարձնել, բայց չի կարողացել, քանի որ մայրն առողջական խնդիրներ է ունեցել, նրա բուժման համար իրեն անընդհատ գումարներ են պետք եղել:

Փետրվարի 10-ին, ժամը 14-ի սահմաններում Արևիկը հոր հետ եկել է իր տուն ու պահանջել է պարտքը: Այդ հարցով իրենք վիճել են, վեճը դադարեցրել են հարևանուհու միջամտությամբ:

Այդ պահին ինքը զայրացած էր Արևիկի վրա, դրա համար էլ զանգել է ոստիկանություն ու սուտ տեղեկություն է հայտնել, թե Արևիկը վեճի ժամանակ բռունցքով խփել է իրեն: Իրականում իրեն նախորդ օրը Երևանի Բագրատունյաց փողոցում հարվածել էր Հերմինեն:

Գոհարը զղջացել է ու խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Արևիկը հայտնել է, թե զբաղվել է հագուստի մանրածախ առևտրով: Ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի, Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Գոհարի հետ:  Նա սկսել է իրենից պարտքով գումար վերցնել: Ժամանակին վերադարձնում էր պարտքը: Վերջին շրջանում նա պարտքը չի վերադարձրել: Ինքը պահանջել է, բայց Գոհարը չի վերադարձրել: Հոր հետ գնացել է Գոհարի տուն, վիճել է նրա հետ, անպատվել են իրար, բայց իրար չեն հարվածել: Գոհարն իրենց ներկայությամբ է զանգել ոստիկանություն ու սուտ հաղորդում է տվել, իբր ինքը նրան հարվածել է:

Դատարանում Արևիկն ասել է, թե Գոհարին ճանաչել է որպես վարսավիրանոցի հաճախորդ, մտերմացել են, նա առևտուր է արել իրենից: Գոհարի մայրը հիվանդանոցում պառկել է, երբ դուրս է գրվել, իրենք գնացել են նրան տեսակցության: Գոհարը իրեն պարտք է եղել՝ պարտքը հասել է 600  հազար դրամի, այդ պարտքի մեջ մտել է նաև իրենից գնած ապրանքի՝ ոսկու, կոշկեղենի, շորերի արժեքը: Դրա համար են իրենք վիճել:

Գոհարի տանը իրենց վեճին ներկա էին իր հայրն ու Գոհարի մայրը: Ինքը զայրացած ասել է՝ ինչ ուզում ես արա, նա էլ հեռախոսը վերցրել ու զանգել է ոստիկանություն: Ինքը, ճիշտ է, ցանկացել է խփել Գոհարին, քանի որ զայրացած էր, բայց իր հայրը չի թողել: Ինքը Գոհարի աչքին չի խփել: Իրեն ու Գոհարին այդ պարտքի գումարն է իրար հետ «կապել»...

Տուժող Արևիկը, այնուամենայնիվ, ասել է, թե Գոհարի մեջ «լավ բան կա», ու ինքը նրան վստահել է: Գոհարի դեմ ոչինչ չունի, նա հիվանդ երեխայի մայր է, մեղք է...

Տուժողը խնդրել է Գոհարի նկատմամբ մեղմ վարվել...

Ընդհանուր իրավասության դատարանը Գոհար Հ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular