Հրանտ Թոխատյանը՝ Mea Culpa 2–ի, Սեյրան Օհանյանի և կուսակացական գործիչների մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀրանտ Թոխատյանը՝ Mea Culpa 2–ի, Սեյրան Օհանյանի և կուսակացական գործիչների մասին
Past.am-ի հյուրն է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը
– Շուտով կլինի Mea Culpa 2 ներկայացման պրեմիերան, տեսնում ենք նաև քաղաքական դաշտում որոշ գործիչների վերադարձը: Ոլորտները տարբեր են, բայց արվեստի, քաղաքականության և այլ ասպարեզներում վերադարձերը ունենո՞ւմ են նույն հաջողությունը, որը եղել է նախկիում:
– Դուք անհամեմատելի օրինակներ եք բերում: Ներկայացման վերադարձը այլ բան է: Ներկայացումը եթե չի խաղացվում, այն մահանում է: Թատրոնն էլ կենդանի արվեստ է, որին նոր շունչ է պետք: Օրինակ՝ կինոն, եթե անգամ դահլիճում շատ քիչ մարդ լինի, ինքն իրեն կընթանա, որևէ էմոցիա ո՛չ կգնա, ո՛չ կպակասի: Իսկ երբ թատերական ներկայացմանը քիչ մարդ է գալիս, դերասանն արդեն զգում է, որ իր ասելիքն անհետաքրքիր է:
– Նույն էմոցիաները զգացի՞ք, երբ անցած շաբաթ կրկին խաղում էիք Mea Culpa 1–ը:
– Իհարկե, էմոցիաները չեն փոխվում: Թվում է՝ առաջին անգամ ես խաղում: Mea Culpa, «Խաթաբալադա», «Ժանգոտ բանալի» ներկայացումները հետաքրքիր են իրենց ինտերակտիվությամբ: Այդպիսին էին նաև մեր սերնդի Կամերային թատրոնի ներկայացումները: Դրանք կախված են հանդիսատեսի շնչից, զգացողություններից: Ամեն վայրկյան հանդիսատեսը կարող է մասնակցել, չորրորդ պատ չկա:
– Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին խոսենք: Նկատելի է Ձեր համակրանքը Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ի՞նչ կտա նրա մուտքը քաղաքական դաշտ:
– Ես ունեմ համակրանք յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հանդեպ, ով գոնե մեկ չոփ դնում է պետության զարգացմանը՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ է կամ ինչ կուսակցական պատկանելություն ունի: Սեյրան Օհանյանին ճանաչում եմ շատ վաղուց, նա պատերազմի հերոս է, մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ: Մենք հաճախ ենք զրուցել, քննարկել սխալները, եթե այդպիսիք եղել են: 90–ականներից հիացել եմ նրա հերոսություններով: Բայց ես հարգում եմ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որի հետ ծանոթ և մտերիմ եմ 89 թվականից: Սամվել Ֆարմանյանի անունը կարող եմ տալ, որը ներկայացնում է ՀՀԿ–ն: Ես նրան համարում եմ շատ խելացի, շատ պատրաստված: Կուսակցական լինելը կապ չունի: Ժամանակին բոլորը կոմունիստ էին, դա չի նշանակում, որ բոլորը վատն էին կամ հակառակը:
– Ասացիք՝ բոլորը կոմունիստ էին, հետո դարձան ՀՀՇ–ական և հանրապետական, այդպես չէ՞:
– Ոչ բոլորը: Ես չդարձա կուսակցական: Ես համակրում էի «Ղարաբաղ» կոմիտեին: Ես ողջունում էի նաև Աշոտ Նավասարդյանի, Ազատ Արշակյանի, Պարույր Հայրիկյանի, Վահան Զատիկյանի պայքարը: Դրա համար ես դեմ եմ, որ ամբողջապես պախարակում են Հանրապետական կուսակցությանը, քննադատել կարելի է անհատներին: Այդ կուսակցությունը ստեղծողն Աշոտ Նավասարդյանն է: Ես իրավունք չունեմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը վատն է, կարող են մարդիկ վատը լինել: Կոմունիստական իդեան էլ էր լավը: Մարքսի իդեայով այսօր ամբողջ կապիտալիստական աշխարհն է զարգանում: Սակայն այն մեզ մոտ կապվեց ավելի շատ լենինիզմի հետ և մի փոքր շեղվեց:
– Դուք ասում եք, որ անհատներն են մեղավոր, իսկ վարկաբեկվում է ողջ կուսակցությունը: Բայց հենց այդ անհատները որոշիչ դեր ունեն կուսակցությունում:
– Որոշիչ դեր ունի նա, ում համար ստեղծվում է դաշտը: Թող ժամանակին չստեղծվեր այդ դաշտը: Բոլորս անհատական մեղքի բաժին ունենք դրանում: Ամեն մեկիս մասնիկից ստեղծվում է մեծ մեղքի զգացում, ինչի մասին է հենց Mea Culpa–ն:
– Այն, որ նախկին պաշտոնյաները միանգամից դառնում են ընդդիմադիր, չի՞ անլրջացնում ընդդիմության հանդեպ վերաբերմունքը:
– Բոլորը չեն այդպես վարվում: Օրինակ՝ աշխարհն աճում է, բայց մեր թատրոնները դոփում են տեղում: Մեր թատրոնների տնօրենները և ռեժիսորները դա շատ լավ հասկանում են, բայց ես՝ որպես ազատ դերասան ավելի հեշտ կարող եմ այդ մասին խոսել, քան նրանք: Կորցնելու բան շատ կա: Ամեն մեկը պատրաստ չէ կորցնել մի բան: Նույնը նաև քաղաքական դաշտում է: Մարդը նստում է աթոռին և պաշտոնավարման ժամանակ անզոր է բան փոխել, իսկ դուրս գալուց հետո ազատ խոսում է: Անկեղծ ասած՝ չեմ գտնում, որ դա լավագույն տարբերակն է, բայց ի՞նչ կարող եմ անել: Մի ժամանակ յուրաքանչյուր քաղսովետի պաշտոնաթող նախագահ դուրս էր գալիս և զբոսնում էր քաղաքով: Ցավոք, այսօր չես տեսնի նախկին պաշտոնյա, որը գլուխը բարձր քաղաքով ման է գալիս: Սուտ կլինի ասել, թե նրանք չեն սիրում իրենց քաղաքը: Կարծում եմ՝ ճակատ չունեն, որպեսզի ցույց տան: