Ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում. Սեւակ Խանաղյանի մեծ մենահամերգը՝ Երեւանում (ֆոտո, տեսանյութ)
ՎԻԴԵՈՈւկրաինական X Factor-ում տարած հաղթանակից հետո Սեւակ Խանաղյանը մենահամերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր ծայրերում: Ընդամենը մեկ ամիս առաջ հայ երկրպագուներն արդեն հասցրել էին վայելել երգչի փոքրիկ մենահամերգը՝ Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Սակայն երեկ՝ փետրվարի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մեծ մենահամերգը թե Սեւակը, թե նրա երկրպագուները երբեք չեն մոռանա:
Դա երգչի առաջին խոշոր համերգն էր, որի ընթացքում սիրված արտիստը բացի արդեն ճանաչված հիթերից եւ cover-ներից՝ ներկայացրեց նաեւ նոր երգեր ու անակնկալներ, որոնցից մեկը Գայա Արզումանյանի հետ «Արցախ» կոչվող զուգերգն էր:
Համերգից առաջ Սեւակը մեզ հետ կիսվեց իր հույզերով եւ ապրումներով.
«Շատ ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում: Նախորդ անգամ այստեղ ելույթ ունենալուց հետո շատ դրական լիցքերով եմ հեռացել: Երբեք չեմ մոռանա այդ այցելությունը: Հաճելի է, որ համերգիս տոմսերն այսքան կարճ ժամանակահատվածում սպառվեցին: Դա միայն վկայում է այն մասին, որ հանդիսատեսը սպասում էր այս հանդիպմանը: Սա իմ առաջին մեծ մենահամերգն է, այդ պատճառով էլ շատ հուզված եմ եւ հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա»,-նշեց երգիչը, որը վերջին շրջանում համերգներից հետո հանգստանալու ժամանակ անգամ չի ունենում: Օրինակ՝ երեւանյան շոուից մեկ օր առաջ Սեւակը երգել է նաեւ Մոսկվայի հանդիսատեսի համար: Սակայն երգիչը փաստում է՝ բոլորովին հոգնածություն չի զգում:
«Հանդիսատեսից եւս շատ բան է կախված: Սովորաբար համերգներս երկու ժամ են տեւում, բայց հանդիսատեսն այնքան մեծ էներգիա է փոխանցում, որն ինձ լիցքավորում է: Ես փոխանցում եմ, ինձ տալիս են այդ նույն էներգիան»,-ասում է նա:
Հայ հանդիսատեսը Սեւակին ոչ թե, պարզապես, ջերմ, այլ շատ թեժ ընդունեց՝ նրան ձայնակցելով եւ նրա հետ անգիր երգելով բոլոր երգերը: Համերգի ընդմիջումների ընթացքում դահլիճում հաճախ էին բղավում՝ «Սեւա՜կ»,-ինչին ի պատասխան վերջինս իսկական հայ տղամարդու պես պատասխանում էր. «ջա՜ն»:
Համերգի վերջում ոգեւորված երկրպագուների հորդորով երգիչը համաձայնվեց լուսանկարվել յուրաքանչյուրի հետ, ով նման ցանկություն ուներ:
Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին երեկվա համերգը, տեղեկացնենք, որ երգիչը նույն ծրագրով հանդես է գալու նաեւ փետրվարի 26-ին եւ մարտի 12-ին:
Սեւակ Խանաղյանի երեկվա համերգի մյուս բոլոր մանրամասներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:
Տեքստը, լուսանկարները եւ տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի