ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է կարևոր Հենրիխ Մխիթարյանի վերադարձը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիանալի հասկանում ենք, որ մեր ազգային հավաքականի երկար տարիների առաջատար Հենրիխ Մխիթարյանը աստիճանաբար մոտեցել է «վետերանային» եզրագծին: Պարզ է, որ աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստին առավելագույնը 2-3, իսկ առավել նպաստավոր ընթացքի դեպքում՝ 3-4 տարի է մնացել խաղալու. խոսքը, համենայն դեպս, բարձրակարգ թիմերում և առաջնություններում հանդես գալու մասին է: Մխիթարյանն անցյալ տարի հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու և ակումբային կարիերայի վրա կենտրոնանալու մասին:

Այդ հայտարարությունից անմիջապես հետո, թաքցնելու բան չէ, անգամ չարախնդացողներ եղան: Բայց... Ֆուտբոլային անցուդարձով հետաքրքրվողներն, ինչ խոսք, տեղյակ են, իսկ անտեղյակների համար ավելորդ չէ նշել, որ «Ինտերում», որտեղ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմայից» հետո, հայկական ֆուտբոլի դեսպանն ու այցեքարտը հիմա հանդես է գալիս բարձր մակարդակով: Ավելին, դարձել է միլանյան ակումբի և մարզիչ Ինձագիի կազմակերպած խաղային կառուցվածքի առանցքային ֆուտբոլիստներից մեկը ու հաստատվել է մեկնարկային կազմում:

Հենրիխ Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է, ինչն ակնհայտ է նրա խաղից: Ավելին, Մխիթարյանը գրեթե առանց փոխարինման ակտիվորեն հանդես է գալիս «Ինտերի» կազմում՝ բոլոր մրցաշարերում (առաջնություն, գավաթ, եվրագավաթներ): Ոչ պատմելով է, ոչ էլ լրացուցիչ մեկնաբանելով՝ այնքան պարզ ու տեսանելի է, թե ինչ մարզավիճակում է Հենրիխ Մխիթարյանը, ինչպիսի կայուն խաղ է ցուցադրում և, ընդգծենք, ինչ բարձր մակարդակի վրա: Հիմա, եթե Ապենինյան թերակղզուց սրընթաց գանք մեր դարդակոլոլ լեռնաշխարհ, կհիշենք, որ ընդամենը մեկ ամիս հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի ընտրանու դեմ խաղով մեկնարկում է Եվրո-2024-ի որակավորման փուլի մրցաշարում: Ֆուտբոլասերները տեղյակ են, իհարկե, որ այս ընթացքում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը, որի գլխավորությամբ ոչ այնքան վաղուց Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Թե ինչ կտա Պետրակովը Հայաստանի հավաքականին, ինչ նվաճումների կտանի, կյանքը ցույց կտա: Բայց, կարծում ենք, Ալեքսանդր Պետրակովը ևս, որպես փորձառու մարզիչ, հասկանում է, որ շռայլություն է՝ ունենալ Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստ ու առնվազն գոնե չփորձել նրան վերադարձնել ազգային հավաքական: Վերջին հաշվով, կներեք, որքան էլ որ այժմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում կան մի շարք հայտնի հայազգի ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում ներգրավված են կամ ներգրավվել են հավաքական, մեր ամենահայտնի ու ամենափորձառու ֆուտբոլիստը մնում է Հենրիխ Մխիթարյանը: Այո, պետք է կարողանալ և՛ հարգել նրա՝ ավելի վաղ կայացրած որոշումը, բայց և փորձել համոզել, որ դա փոքր-ինչ վաղաժամ կայացված որոշում էր, որն արժե վերանայել: Կարծում ենք, որ ոչ մեկի «խանչալի քարը» չի ընկնի դրանից՝ ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ Հենրիխի: Վերջին հաշվով, Հենրիխ Մխիթարյանը, մեր կարծիքով, դեռ տալու բան ունի հավաքականին, ինչու ոչ՝ նաև անխուսափելի սերնդափոխության սահունությունն ապահովելու առումով, ինչպես նաև փորձի:

Այստեղ տեղին կլինի հիշել մեր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին, որ կարողացան հավաքականի համար անել ավելին, քան դա թույլ էր տալիս իրենց տարիքը: Հնարավոր է՝ մոտ ապագայում կարող է գալ այնպիսի ժամանակ, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքական վերադառնա գլխավոր մարզչի կարգավիճակով, եթե իհարկե, նա ցանկանա մարզչական կարիերա անել: Բայց մինչև այդ հեռու թվացող ժամանակները, հիմա, քանի դեռ Հենրիխ Մխիթարյանը խաղում է և բարձրակարգ խաղ է ցուցադրում, մեծ շռայլություն կլինի, եթե առնվազն փորձ չարվի նրան վերադարձնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական: Հարցը միայն առաջիկա ընտրական մրցաշարը չէ, ի վերջո: Այսօր համաշխարհային ֆուտբոլում մեր ամենից բարձր հնչող անունը հենց Հենոն է: Ու առնվազն տարակուսելի կթվա, եթե մեր ազգային հավաքականը ասպարեզ ելնի առանց Մխիթարյանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular