ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կողմ է քվեարկել Ռուսաստանին ագրեսոր որակող բանաձևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

civilnet.am-ը գրում է․

Համացանցում «հերքող» տեղեկություն է տարածվում, թե Հայաստանը կողմ չի քվեարկել ապրիլի 26-ին ՄԱԿ-ում ընդունված բանաձևին, որտեղ նշվում է Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի մասին։

Տեղեկությունը տարածել են 24news.am, zham.am, newday.am, hayeli.am լրատվական կայքերը, Инфотека 24 և մի շարք այլ տելեգրամյան ալիքներ։ Տեղեկության սկզբնաղբյուրը Sputnik.Արմենիան է, որը հղում էր արել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիի գրառմանը:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ տարածվող այս տեղեկությունը մոլորեցնող է։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ապրիլի 26-ին ընդունված «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության» բանաձևը գլխավորապես վերաբերում է այս երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, թրաֆիկինգի դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում։

Բանաձևի նախաբանի (պրեամբուլայի) 9-րդ պարբերությունում նշվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի, իսկ նախկինում նաև Վրաստանի նկատմամբ ագրեսիայի մասին։

«Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ մինչ այդ՝ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար` հիմնված յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի վրա, ապահովել ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»,- նշվում է պարբերությունում:

Հարկ է նշել, որ բանաձևը չի «դատապարտում» Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, այլ պարզապես «ընդունում» է, որ այն ստեղծել է «աննախադեպ մարտահրավերներ», և հանգամանքներից մեկն է բանաձևի ընդունման համար։

Այս բանաձևին կողմ է քվեարկել 122 երկիր, այդ թվում Հայաստանը և Ղազախստանը։ Ձեռնպահ է մնացել 18 երկիր, քվեարկությանը չի մասնակցել 47 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Բանաձևին դեմ է եղել միայն 5 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular