ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի օրակարգը ինտեգրացիան է, Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի եւ ներկայանա բանակցություններին. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան Բաքվի հետ այդ բանակցություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն Բաքվի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի քայլերը իրավունքների պաշտպանության հետ բացարձակ առնչություն չունեն:

«Երկխոսության բանաձեւը միջազգային մեխանիզմն է, որը ինքնին արդեն երաշխիք կլինի: Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան այդ բանակցություններին: Ադրբեջանը միշտ էլ ունեցել է իր օրակարգը եւ մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվել»,- նշել է նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ակնկալիքներին՝ Մարուքյանն ասել է. «Ակնկալիքն այն է, որ Հայաստանի պահանջը բավարարվի եւ համապատասխան որոշումներ ընդունվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը բլոկադայից հանելու եւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կատարելու համատեքստում: Մանրամասն աշխատանք է տարված, շուրջ 4 ամիս աշխատանք է տարվել, բայց ոչ ոք չի կարող ասել, թե հիմա մենք ինչ դասավորություն կունենանք ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարված ցանկացած փաստաթուղթ կարող է անցանկալի լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններ են անում, Մարուքյանն արձագանքեց.

«Հայաստանը երկկողմ մակարդակում որեւէ փաստաթուղթ չունի Ադրբեջանի հետ ստորագրած: Խոսքը գնում է փոխադարձ ճանաչմանը, եւ քաղաքական մակարդակում եղել է երկուստեք պատրաստակամություն, որ երկները պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սակայն Հայաստանը այդ հայտարարության հետ նաեւ ասել է, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանը երաշխավորի միջազգային մեխանիզմի ներքո եւ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ. այսինքն՝ սա փաթեթ է եւ պետք չէ դրանից կտրել: Եթե Ադրբեջանը պետք է էթնիկ զտման ճանապարհը բռնի, ապա այդ փաթեթը խարխլվում է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular